PricewaterhouseCoopers-ը (PwC) հանդես է եկել «Աշխարհը 2050-ին. կշարունակվի՞ արդյոք ուժերի վերադասավորումը համաշխարհային տնտեսության մեջ» թեմայով զեկույցով, համաձայն որի, առաջիկա 35 տարիների ընթացքում համաշխարհային տնտեսությունը կենթարկվի փոփոխությունների: Մասնավորապես, իրենց առաջատար դիրքերը կզիջեն այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք են Հյուսիսային Ամերիկան, Ճապոնիան և Արևմտյան Եվրոպայի երկրները: Այս մասին փոխանցում է «The independent»-ը:
Զեկույցում դիտարկվել են 32 երկրների տնտեսական աճի տեմպերն առաջիկա տասնամյակների համար, որոնց ՀՆԱ միասին կազմում են աշխարհի ՀՆԱ-ի 84%-ը:
Համաձայն փաստաթղթի, 2050թ-ին Չինաստանը գնողունակության ցուցանիշով կլինի առաջատար տնտեսությունը, որին բաժին կհասնի համաշխարհային ՀՆԱ-ի 20%-ը: Չինաստանին կհաջորդեն Հնդկաստանը, ԱՄՆ, Ինդոնեզիան և Բրազիլիան:
Վիետնամը, Հնդկաստանն ու Բանգլադեշը կլինեն նշված ժամանակահատվածի ամենաարագ զարգացող տնտեսությունները: Իսկ ահա Եվրամիության տնտեսությունների շարքում ամենաարագ զարգացող կլինի Լեհաստանը:
Զեկույցում նշվում է, որ 2014-2050թթ. համաշխարհային տնտեսության աճի միջին տեմպերը կանխատեսվում են տարեկան մոտ 3 տոկոսի մակարդակով: Արդյունքում 2037-ին համաշխարհային ՀՆԱ-ն կկրկնապատկվի, իսկ 2050 գրեթե կեռապատկվի: Սակայն 2020-ից հետո համաշխարհային տնտեսության աճի տեմպերը հավանաբար կսկսեն դանդաղել 2 գործոնի ազդեցությամբ` Չինաստանի տնտեսական աճի տեմպերի նվազման և աշխատունակ տարիքի բնակչության թվաքանակի աճի տեմպերի դանդաղեցման: