Արցախի Հանրապետությունում այսօր անցկացվող սահմանադրական հանրաքվեն ընթանում է բնականոն հունով, առանց միջադեպերի և խախտումների, փաստում են Սահմանադրական փոփոխությունների կողմ և դեմ քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
«Հանրաքվեն ընթանում է առանց միջադեպերի, հանգիստ: Ժողովրդի տրամադրությունը բարձր է, քանի որ այսօր տոն է՝ 1988 թվականին որոշվեց Ղարաբաղը վերամիավորել Հայաստանի հետ», - «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է «Այո»-ի շտաբի ներկայացուցիչ ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ մասնակցությունը նորմալ է:
Հանրաքվեի ընթացքից գոհ է նաև ընդդիմադիր ՀՅԴ պատգամավոր, «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ Վահրամ Բալայանը: «Մենք շրջում էինք Ասկերանի շրջանում: Միաժամանակ նաև առաջնագիծ գնացինք, տեսնենք՝ ինչպես է զինվորների տրամադրությունը. այսօր փետրվարի 20-ն է՝ Արցախի վերածնունդի օրը, 1988 թվականի փետրվարի 20-ին ընդունվեց հայտնի որոշումը Խորհրդային Հայաստանին միանալու հետ կապված:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքին, նշեմ, որ այն ընթանում է նորմալ, առանձին խնդիրներ չկան: Ասկերանում միաժամանակ սահմանադրական հանրաքվեին զուգահեռ մեծամասնական կարգով անց է կացվում Ազգային ժողովի պատգամավորի ընտրություն՝ մեկ թափուր տեղ ունենք: Խախտումներ չեն արձանագրվել», - նշել է Բալայանը:
Ինչ վերաբերում է հանրաքվեին մասնակցության մակարդակին, պատգամավորը նշեց, որ առավոտյան ժամը 9-ին մոտ մի քիչ պասիվություն կար Ստեփանակերտում: «Բայց դա հասկանալի է: Շրջանում ավելի ակտիվ է, Ասկերանի շրջկենտրոնում նույնիսկ հերթ էր», - արձանագրեց Բալայանը: