Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ տեղի ունեցած զարգացումներից հետո հայտարարություն է տարածել նաև պատրիարքի ընտրությունների նախաձեռնող խումբը (Müteşebbis Heyeti):
Խումբը ներկայացրել է այն քայլերը, որոնք անհապաղ պետք է գործադրվեն ընտրությունների անցկացման համար:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ «Ակօս» շաբաթաթերթը ներկայացրել է հայտարարության մեջ ներառված կետերը:
1. Պատրիարքի փոխանորդի պաշտոնը, որը խոչընդոտել է ընտրական գործընթացը, պետք է թափուր հայտարարվի: Պատրիարքի փոխանորդը (Արամ արք. Աթեշյան) պետք է անհապաղ հրաժարական տա և այդպիսով, մեր ավանդույթներին հակասող փոխանորդի պաշտոնը գործնականորեն պետք է վերացվի: Այս պայմանն առաջին քայլն է, որ ճանապարհ կբացի դեպի ընտրական գործընթաց:
2. Ըստ մեր ավանդույթների՝ ընտրական գործընթացը սկսելու համար պետք է պատրիարքի տեղապահ ընտրել:
3. Պետք է ապահովել կամ նոր նախաձեռնող խմբի ընտրությունը, կամ էլ գործող նախաձեռնող խմբի հետագա գործունեությունը, որը ստանձնել է պատրիարքի ընտրությունը կառավարելու պատասխանատվությունը:
4. Պատրիարքի ընտրության օրը որոշելուց հետո Տեղապահի և նախաձեռնող խմբի ստորագրությամբ նահանգապետարանի միջնորդությամբ Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը պետք է ներկայացնել դիմում, որտեղ գրված կլինի ընտրության ամսաթիվը:
Նախաձեռնող խմբի անդամները վստահեցրել են, որ համայնքից ստացած լիազորությամբ հետևելու են գործընթացին և վճռական են տրամադրված կիսատ գործն առողջ մթնոլորտում ավարտին հասցնելու հարցում, ինչպես նաև պատրաստ են ընտրական գործընթացի շարունակության համար անգամ հրաժարվել զբաղեցրած պաշտոնից: