Իրանը պատրաստակամ է, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցով, աջակցել Արցախում կայունություն և անվտանգություն հաստատելու գործին: Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հյուսիսային հարևաններին զսպվածության կոչ է անում՝ կողմերին հորդորելով ջանքեր գործադրել, որպեսզի առկա տարաձայնությունը լուծվի խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով», - Ղասեմի խոսքերը մեջբերում է Panorama.am-ը։
«Միջազգային կառույցները, որոնք ԼՂ հակամարտության կարգավորման գործում պատասխանատվություն են ստանձնել, պետք է իրենց ստանձնած պարտավորությունը կատարեն։ Միևնույն ժամանակ Իրանը պատրաստակամ է, հայկական և ադրբեջանական կողմերի հետ գործակցով, աջակցել Լեռնային Ղարաբաղում կայունություն և անվտանգություն հաստատելու գործին», - հավելել է Բահրամ Ղասեմին։