Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հանգստյան օրերին գրանցված լարվածության աճին անդրադարձել են նաև միջազգային լրատվամիջոցները:
The Washington Post-ն այս կապակցությամբ գրում է. «Բախումները տարածաշրջանում ամենակատաղին էին անցած տարվանից ի վեր, երբ երկու կողմից զոհվեց մոտ 75 զինվոր»: Հեղինակավոր պարբերականն իր նյութում ադրբեջանական կողմի տեսակետը ներկայացնելիս ընդգծում է, որ այդ երկրի պաշտպանության նախարարությունը չի նշում զոհերի և վիրավորների քանակը: Stratfor-ն, իր հերթին ներկայացնելով փետրվարի 24-25-ի լարվածության մանրամասները, ընդգծում է, որ դրանից մի քանի օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել էր առաջնագիծ և հրամայել «ավելի վճռական միջոցներ» ձեռնարկել: «Էներգակիրներով հարուստ Ադրբեջանը, որի ռազմական ծախսերը գերազանցում են Հայաստանի ամբողջ պետական բյուջեն, բազմիցս սպառնացել է ուժով ետ վերցնել առանձնացած տարածաշրջանը», - փետրվարի 25-ի բախումների կապակցությամբ գրում է The Indian Express-ը:
Վերջին օրերին լարվածության աճին անդրադարձել են նաև փորձագետները: Ներքին և արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցրով ռուս փորձագետ Գրիգորի Տրաֆիմչուկը haqqin.az-ին տված հարցազրույցում նշել է, որ փետրվարյան սրացման պատճառն այն է, որ 2016-ի ապրիլից հետո բարձր մակարդակով ձեռք բերված ոչ մի պայմանավորվածություն չի իրականացվել: «Ինքնըստինքյան սրացման վրա ազդել է նաև փաստացիորեն «ապրիլյան» հրադադարի ժամանակ Ղարաբաղում հանրաքվեի անցկացումը», -ընդծել է նա:
Ռուս հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովն իր հերթին նշում է, որ այս սրացումը միանգամայն «սպասելի անակնկալ» էր Հայաստանի համար: Ըստ Դվորնիկովի, դա բացատրվում է մի քանի հանգամանքներով՝ Մեհրիբան Ալիևայի առաջին փոխնախագահ նշանակվելով, Խոջալուիի իրադարձություններով, Արցախում կայացած հանրաքվեով, ինչպես նաև պատերազմական վիճակը պահելու Բաքվի ցանկությամբ, որն Ալիևի վարչակարգի համար սեփական հասարակությունում արդարացման պատճառ կլինի և միևնույն ժամանակ կհյուծի և՛ Հայաստանին, և՛ միջնորդներին: