ՀՀ-ն ու ԵՄ-ն ավարտել են բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ: Այն կոչվելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: Այս մասին այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այսօրվա հանդիպման կենտրոնական թեման Հայաստան–Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագիրն էր: Եվ այսօր ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերը ավարտել են բանակցությունները։ Նոր իրավական փաստաթուղթը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը»,- ասել է նա:
«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակցի հաղորդմամբ, փաստաթուղթն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի առաջիկա մայիսին: