Սիրիայում ռազմական գործողություններին և ահաբեկչություններին զուգահեռ տարբեր ձևաչափերով շարունակվում են հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը: Աստանայում երկու փուլով կայացած բանակցություններից հետո Ժնևում փետրվարի վերջին մեկնարկեց ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունների չորրորդ փուլը, որը, սակայն, նախկինների նման մինչ այժմ որևէ էական կամ բեկումնային արդյունք արձանագրել չի կարողացել:
Սիրիական կառավարության հետ բանակցելու համար Ժնև են ժամանել ընդդիմադիր մի շարք խմբեր: Այս անգամ ևս ընդդիմադիր մեկ միասնական պատվիրակություն ձևավորել չի հաջողվել: Ինչպես և նախկինում, Սիրիայի քրդերը ներկայացված չեն բանակցություններում: Մերձավոր Արևելքի ինստիտուտը հայտնում է, որ ընդդիմությունը ներկայացնում են մի շարք խմբեր, որոնցից ամենաազդեցիկը բանակցությունների հարցով ընդդիմադիր Բարձրագույն կոմիտեն է:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հույս ուներ բանակցող կողմերի ուշադրությունը հրավիրել Սիրիայի նոր կառավարության ձևավորման, Սահմանադրության նոր նախագծի մշակման և ընտրությունների անցկացման վրա: Բայց կողմերի պահանջներն այլ են: Սիրիական կառավարության պատվիրակությունը պնդում է, որ ցանկացած բանակցությունից առաջ պետք է համաձայնություն ձեռքբերվի ահաբեկչության դեմ պայքարի շուրջ, մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ ցանկացած քննարկում պետք է մեկնարկի քաղաքական անցման հարցը լուծելուց հետո միայն: Թեև պետք է նշել, որ ընդդիմադիր խմբերի դիրքորոշումը ևս միանման չի: Նրանց մի մասն ավելի ռադիկալ է տրամադրված և պահանջում է Սիրիայի նախագահի անմիջական հրաժարականը, ինչպես օրինակ, ընդդիմադիր Բարձրագույն կոմիտեն, իսկ մի մասն էլ ավելի չափավոր դիրքորոշում ունի: Պաշտոնական Դամասկոսի պատվիրակությունը պնդում է, որ իրական բանակցություններ կարող են անցկացվել միայն ընդդիմադիր միասնական պատվիրակության, այլ ոչ թե զանազան խմբերի հետ: Այս հակասություններին գումարվեցին տեղում զինադադարի ռեժիմի խախտումներն ու Հոմսում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունները: Կողմերը միմյանցից պահանջում էին դատապարտել ահաբեկչությունը՝ որպես բանակցությունների շարունակման նախապայման:
Ժնևում բանակցային գործընթացի հաջողելու հնարավորությունն ի սկզբանե մեծ չէր: Վերոնշյալ բազում հակասություններից բացի դա պայմանավորված է այդ թվում նաև ընդհանուր սիրիական հակամարտության համատեքստում տիրող անորոշությամբ և ուժային վերադասավորումներով: Մի կողմից, Ռուսաստանը հետևողականորեն ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ զուգահեռ դառնալով նաև ճգնաժամի քաղաքական կարգավորման գլխավոր դերակատար: Մյուս կողմից, դեռևս հասկանալի չէ, թե ինչ կարելի է ակնկալել Դոնալդ Թրամփի Ամերիկայի հետագա քաղաքականությունից Սիրիայում: Հենց այս ընդհանուր անորոշությունն էլ ազդում է ինչպես տեղում իրադարձությունների, այնպես էլ կարգավորման ցանկացած փորձի վրա: