ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը Հայաստանի կողմից հայտարարված «և՛-և՛»-ի քաղաքականության արդյունավետ կիրառման առաջին հանգրվանն է: Այս մասին «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը:
«Այս համաձայնագիրը ցույց է տալիս, որ մենք կարողանում ենք արդյունավետ կերպով համադրել մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին և համագործակցությունը ԵՄ-ի հետ: Ինչպես իր ելույթներից մեկում նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանը երբեք իր առաջ քաղաքակրթական ընտրություն կատարելու խնդիր չի դրել, և պատրաստ է իր ներդրումն ունենալ նաև ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության սերտացման գործընթացում: Այսինքն՝ մենք կարևորում ենք մեր համագործակցությունը երկու ուղղությունների հետ և մեր հետագա քաղաքականությունը կառուցելու ենք հենց այս սկզբունքով», - նշեց փորձագետը:
«ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները հիմնված են միևնույն արժեքային հենքի վրա, և այս մասին ևս բազմիցս խոսվեց ՀՀ նախագահի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանը մտադիր է շարունակել բարեփոխումները՝ շնորհակալություն հայտնելով ԵՄ-ին այս հարցում ցուցաբերվող աջակցության համար: Հատկապես մեծ անդրադարձ կատարվեց սահմանադրական բարեփոխումներին և սպասվող խորհրդարանական ընտրություններին, հատուկ ընդգծվեց ԵՄ բացառիկ աջակցությունն այս ողջ գործընթացում»:
Փորձագետի խոսքով ՀՀ նախագահի՝ Բրյուսել կատարած այցի հիմնական ուղերձը «և՛-և՛»-ի քաղաքականության արդյունավետ կիրառումն էր: «Եվրոպական կողմից հնչող հայտարարությունները վկայում են այն մասին, որ ԵՄ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և Հայաստանի հետ արդյունավետ հարաբերություններ զարգացնելու մտադրություն ունի»:
Կարապետյանի խոսքով՝ այն փաստը, որ մենք բանակցել և ավարտել ենք ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը, վկայում է նաև այն մասին, որ անհիմն էին այն միտումները, երբ ԱլԳ երկրներին փորձում էին բաժանել Ասոցացման համաձայնագիրը ստորագրած և չստորագրած երկրների, և վերջիններիս դասել հետնապահի շարքերը: «Հայաստանը չի կարող Բելառուսի և Ադրբեջանի հետ նույն խմբում դիտվել, քանի այսօր արդեն մենք ավարտել են բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ և պատրաստվում ենք ստորագրել այն», - հավելեց փորձագետը:
Խոսելով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին՝ Կարապետյանը նշեց, որ ՀՀ նախագահի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում մեծ կարևորություն տրվեց ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններին: «Գիտակցելով անվտանգության և կայունության կարևորությունը՝ Հայաստանը փորձում է անվտանգություն սպառող երկրից վերածվել անվտանգություն արտահանող երկրի: Հայաստանի ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում հենց այս մասին է վկայում»: