Օրերս նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը: Հիշեցնենք, որ նախագահի հետ հանդիպմանը նախորդել էր ընկերության ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ վարչապետի հետ, որից անմիջապես հետո՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ»-ի միջև փոխըմբռնման շրջանակային հուշագրի ստորագրումը: Հուշագրի համաձայն, ամերիկյան ընկերությունը Հայաստանում կառուցելու է Հետազոտությունների եւ մշակումների (R&D) կենտրոններ:
Ամերիկյան աշխարհահռչակ բրենդը, որի ընկերությունների շարքում առավել լայն ճանաչում ունի ծխախոտի «Marlboro»-ն, կարևորում է տեխնոլոգիական զարգացումն ու մարդկային ռեսուրսի դերակատարությունը արըադրական գործընթացում: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, թերևս ընկերության ներկայացուցիչ Դրագո Ազինովիչը նշել է, որ նկատելի է Հայաստանում տեխնոլոգիաների և մարդկանց զարգացմանն ուղղված մեծ ուշադրությունը: Հատկանշական է, որ կազմակերպության ներկայացուցիչը բարձր մակարդակով հանդիպումների ընթացքում նշել է մեր երկրում ոչ թե մեկ, այլ մի քանի կենտրոնների ստեղծման մասին, ինչն, անշուշտ, փաստում է, որ հետաքրքրությունների առանցքը Հայաստանի տեխնոլոգիական ներուժն է:
Բացի այդ, մի քանի կենտրոնի հիմնումը ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում:
Ինչի՞ մասին կարող է վկայել համաշխարհային ընկերության հետաքրքրությունը հայկական շուկայով: Առաջինը, և թերևս ամենակարևորը, տեղեկատվական ու տեխնոլոգիական ոլորտում Հայաստանը համաշխարհային շուկայում ունի որոշակի տեղ՝ որպես վստահելի ու խոստումնալից գործընկեր: Նմանատիպ խոշորամասշտաբ ընկերության հետ համագործակցության հաջողումը լուրջ ակնկալիքներ կստեղծի, որ ոչ շատ հեռու ապագայում Հայաստանը կդառնա նորագույն տեխնոլոգիաներ արտահանող երկիր:
Բացի այդ, Հայաստանի հետ համագործակցությունը միջազգային շուկայի ներկայացուցիչներին դեպի Հայաստան ուղղորդելու գործուն ազդակներ կարող է տալ, առաջին հերթին, մրցակից ընկերությունների համար: Ավելի լայն իմաստով, տատանվող ու բևեռացված տնտեսահամակարգում աշխարհահռչակ ամերիկյան ընկերությունը բացահայտում է մի «խոպան ռեսուրս»՝ ի դեմս դեռևս չծանրաբեռնված հայկական տնտեսության:
Եվ ի վերջո, գուցե չբարձրաձայնված, բայց բոլորի համար պարզ է ու հասկանալի, որ օտարերկրյա ներդրումների համար ստեղծված պայմանների համալիրի արդյունավետությունը չափելի կլինի միմիայն տարբեր ոլորտներում դրանց պրակտիկ կիրառման դեպքում: Ուստի, յուրաքանչյուր նոր կազմակերպության մուտք կարող է այդ պայմանների բարեփոխման լրացուցիչ երաշխիք դառնալ: