Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո այժմ էլ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն է Գերմանիայի իշխանությունների գործողությունները նմանեցրել նացիստական գործելաոճին:
Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքի իշխանությունները թույլ չէին տվել սրահներից մեկում անցկացվելիք միջոցառումը, որտեղ ելույթ էր ունենալու նաև արտգործնախարար Չավուշօղլուն: Սակայն այնուհետև հայտարարվել է, որ Չավուշօղլուի ելույթի համար այլ սրահ կհատկացվի: Իսկ մինչ այդ Գերմանիայի տեղական ինքնակառավարման մարմիններն արգելել էին Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջիի, և Էներգետիկայի նախկին նախարար Թաներ Յըլդըզի ելույթները, փոխանցում է Ermenihaber-ը:
Նշենք, որ թուրք պաշտոնյաների հանդիպումները անցկացվում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում:
Ըստ Չավուշօղլուի՝ գերմանական իշխանությունների պահվածքը նման է նացիստների գործելավոճին: «Իսկական բռնապետական համակարգ է: Փորձել են չեղարկել Համբուրգում հարսանյաց սրահում միջոցառում անցկացնելու համաձայանությունը»:
Չավուշօղլուն հայտարարել է, որ մեկնելու է Գերմանիա և իրեն ոչ ոք չի կարող կանգնեցնել: