Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները կանցկացվեն մարտի 15-ին: Ընտրությունների արդյունքները կհայտարարվեն նույն օրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի «Ակոս» պարբերականը:
Տեղապահի ընտրություններում թեկնածություն են ներկայացրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Ընտրությունների ժամանակ քվեարկությունը կիրականացվի դռնփակ կարգով` պատրիարքարանի 30 հոգևորականի կողմից: Պոլսո պատրիարքի տեղապահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա առավելագույն ձայները: Ընտրված տեղապահը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև լինելու է պատրիարքարանի փաստացի ղեկավարը մինչև նոր պատրիարքի ընտրվելը: