ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ելույթ ունենալով «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը գլոբալ անկանխատեսելիության փուլում» խորագրով «Վալդայ» քննարկումների միջազգային ակումբի արտագնա նիստին, խոսել է ՀՀ տնտեսական հնարավորությունների մասին՝ որպես բազմակողմանի շահեր կրող երկրի.
«Հայաստանն ակտիվ երկխոսություն է իրականացնում Եվրամիության հետ: Դուք գիտեք, որ այն քաղաքականությունը, որը տարիներ շարունակ իրականացնում է Հայաստանը Եվրամիության նկատմամբ, լիարժեքորեն մտնում է այն գործողությունների կոնտեքստ, որոնք մենք իրականացրել ենք ԵԱՏՄ հետ հարաբերություններում: Հայաստանը, հստակ գնահատելով ԵԱՏՄ տնտեսական և ֆինանսական բոլոր ասպեկտները, որոշում է կայացրել, որ ԵԱՏՄ-ին անդամակցություն տնտեսական իմաստով ավելի իրատեսական է, քան ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը: Դա հաշվարկվել է նաև հենց ԵՄ ինստիտուտների կողմից, որոնք հաշվարկել էին միջինաժամկետ և երկարաժամեկտ հեռանկարները ՀՀ ՀՆԱ –ի մասով նշված պայմանագիրը ստորագրելու պարագայում, սակայն այն ժամանակ էլ, այս պահին էլ մեր ելակետային մոտեցումն ան է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը չի խոչընդոտում հարաբերությունների կառուցումը ԵՄ հետ ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ տնտեսական զարգացման մասով: Այսօր Հայաստանը Եվրամիության հետ ունի առևտրի GSP+ առավելություններ առաջարկող համակարգը և սա հայ ձեռնարկատերերին թույլ է տալիս հեշտությամբ դուրս գալ եվրոպական շուկաներ: Հենց Ռուսաստանում այսօր կան տնտեսական ուղղություններ, ձեռնարկատերեր, ովքեր հասկանում են, որ Հայաստանում արտադրելու պարագայում շատ ավելի հեշտ է այդ արտադրանքը դուրս բերել եվրոպական շուկա»: