Երևանում կայացած «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի արտագնա նիստի ժամանակ, կարևորելով Եվրասիական տնտեսական միությունը համաշխարհային տնտեսական ինտեգացիոն գործընթացներում, Յարոսլավ Լիսովոլիկը՝ Եվրասիական զարգացման բանի գլխավոր տնտեսագետը, երեք հիմնական մոտեցում ներկայացրեց՝ գլոբալ, տարածաշրջանային և Հայաստանի մասով:
Ներկայիս տնտեսական գլոբալ փոփոխություններն, ըստ ԵԱԶԲ գլխավոր տնտեսագետի, աննախադեպ են: Այս իմաստով ԵԱՏՄ զարգացումները բնորոշեց դժվարին իրավիճակներում ընթացող:
ԵԱՏՄ զարգացման մասով առաջարկում է դիտարկել նաև գլոբալ աշխարհագրական խնդիրները: Նա մասնավորապես նշեց, որ ԵԱՏՄ երկրները հիմնական մայրցամաքային են՝ առանց ելք դեպի ծով: «ԵԱՏՄ ինտեգրացիոն բլոկի առանցքային հարցը տրանսպորտային, լոգիստիկական շղթաների զարգացումն է»,- նշեց Յարոսլավ Լիսովոլիկը:
Ըստ տնտեսագետի, ԵԱՏՄ երկրների շրջանում, Հայաստանը ցուցադրում է բավական դրական տնտեսական ցուցանիշներ և դրական տեմպեր:
ՀՀ ԿԲ Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանը, փորձելով գնահատել ԵԱՏՄ կողմից իրականացված գործառույթները, առանձնացրեց մի քանի թեզ: Ըստ նրա, նախ պետք է հասկանալ՝ տնտեսական ինտեգրացիոն միությունն ինչ նպատակներով է ստեղծվել: Այս իմաստով ԵԱՏՄ դեպքում Գալստյանն առաջարկեց ռեսուրսների ազատ տեղաշարժը: Երկրորդ թեզն, ըստ նրա, արտադրողականությունն է, երրորդը՝ մրցունակության մակարդակը:
«Փոքր երկրների տեսանկյունից, տարիֆային բաշխումները շահեկան են նրանց համար: Այս իմաստով Հայաստանի համար առաջանում են կառավարման խնդիր, այդ ռեսուրսներն ուղղելու արտադրությանը, այլ ոչ թե՝ սպառմանը»: Ըստ Մարտին Գալստյանի, արտադրողականության աճի համար պետք է ուշադրություն դարձվի տեխնոլոգիաների զարգացմանը:
Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Վազգեն Մանուկյանը, խոսելով եվրասիական ինտեգրացիայի մասին, մասնավորապես ԵԱՏՄ ստեղծման մասին, նշեց, որ ամեն ինչ սկսվեց Սառը պատերազմից, երբ չհաստատվեց որևէ հստակություն, որևէ կոնկրետ փաստաթուղթ: «Սարսափելի Սառը պատերազմը, երբ առճակատվում էին ոչ միայն զենքերն այլև՝ հասարակությունները, ավարտվեց այն իրավիճակով, որ ոչ ոք չգիտեր՝ ինչ կլինի հետագայում: Այստեղ Արևմուտքի մեղքը կա»: Ըստ նրա այդ իրավիճակի շարունակությունը դրսևորվեց արաբական իրադարձությունների, Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալով, քանի որ վերջինս վախենում էր կորցնել ինքնիշխանությունը:
Այս իմաստով Եվրասիական տնտեսական միության ստեղծումը, ըստ Վազգեն Մանուկյանի, անհրաժեշտություն էր: «Մինչդեռ, կկայանա՞ արդյոք միությունը հակասությունների խնդիր է: Մենք պետք է միջոցառումներ ձեռնարկենք այդ հակասությունները նվազեցնելու ուղղությամբ, քանի որ տարածաշրջանում առկա ցանկացած հակասություն նաև հարված է մեր ազգային շահերին»:
ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը խոսեց այն մասին, որ ցանկացած թեկուզ տնտեսական ինտեգրացիոն միություն պետք է ունենա մշակութային միասնականություն: Որպես օրինակ, ներկայացնելով Եվրամիության իտերգացիոն հաջողությունները, Տորկունովը նշեց, որ այդ ամենի հիմքում կրթական և սոցիալական մի շարք ծրագրերն են, ինչի արդյունքում, օրինակ ֆրանսիացի և գերմանացի երիտասարդները դադարեցին միմյանց ատել:
«ԵԱՏՄ պարագայում կրթական, սոցիալական ծրագրերն առանցքային չէին: Դա հասկանալի է, գուցե նախնական փուլի համար, սակայն ներկայումս իրավիճակն այլ է»,- մասնավորապես նշեց Տորկունովը:
Ռուս-գերմանական ֆորումի գիտական ղեկավար Ալեքսանդր Ռառը հիշեցրեց, որ մարտի 11-ը՝ միջոցառման անցկացմանը օրը, պատմական տարեթիվ է. իշխանության եկավ Միխայիլ Գորբաչովն իր վերակառուցման ծրագրով:
Ռառը խոսեց Եվրամիության արժեհամակարգի առանձնահատկությունների ու խնդիրների մասին: Նա նշեց, որ Սառը պատերազմի ավարտից հետո Արևմուտքի նպատակն էր՝ չթողնել, որպեսզի ՌԴ դառնա կրկին կայսրություն: Ըստ նրա, հենց այդ նպատակով է, որ ԵՄ հրաժարվում է համագործակցել ԵԱՏՄ հետ:
Ըստ Ալեքսանդր Ռառի, առանց ՌԴ Եվրոպան, անկայուն Եվրոպան է: Ըստ նրա, դրան ՌԴ հետ Եվրոպային հասնելու ճանապարհը ցույց տվողը Նոբելյան մրցանակի կարժանանա:
«Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը կարծում է, որ երկար ժամանակ սպասարկել են Եվրոպայի շահերը, սակայն դրական արդյունք չեն ունեցել: Որպես ԵԱՏՄ անդամներ, ըստ նրա, մեզանից յուրաքանչյուրը պետք է մտածի սեփական շահերը սպասարկելու մասին:
«ԵԱՏՄ չի կարող միայնակ դառնալ համաշխարհային բևեռ, սակայն կարող է ապահովել իր անդամների անհատականությունը»,- նշեց Բորդաչովը: Ըստ նրա, ԵԱՏՄ հիմնական նպատակն իր անդամների ինքնուրույնությունն ապահովելն է: