Մարտի սկզբին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» նախագծին: Բաղդադում Հայաստանի դեսպանությունից քրդական Rudaw գործակալությանը հաստատել են այս տեղեկությունը, թեև դեռևս հստակություն չկա Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքը համարվող Էրբիլում հյուպատոսության բացման վերջնական ժամկետների շուրջ:
Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2000 թվականին: Նույն տարում Բաղդադում բացվել է ՀՀ դեսպանություն, իսկ 2001 թվականին Երևանում բացվել է Իրաքի դեսպանությունը: 2003 թվականին Իրաքում սկսված պատերազմի հետևանքով երկու երկրների դեսպանություններն ընդհատել են իրենց գործունեությունը: 2010 թվականի հոկտեմբերից Հայաստանը վերաբացել է իր դեսպանությունն Իրաքում, իսկ 2012 թվականին վերաբացվել է Երևանում Իրաքի դեսպանությունը:
Էրբիլում ՀՀ հյուպատոսության բացումն այսօր ժամանակի հրամայական է: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մեծապես ակտիվացել են Հայաստանի կապերը ոչ միայն պաշտոնական Բաղդադի, այլ նաև քրդական ինքնավարության հետ: Հաճախակի փոխայցելություններն ու առևտրատնտեսական համագործակցությունը նոր որակ են հաղորդել քաղաքական երկխոսությանը: 2014 թվականին ՀՀ կառավարությունը պարզեցրեց Իրաքի քաղաքացիների մուտքի ռեժիմը Հայաստան: 2015 թվականից զբոսաշրջային ժամանակահատվածում գործում են ուղիղ ավիաչվերթներ Բաղդադ-Էրբիլ-Երևան ուղղություններով: Բացի այդ, վերջին տվյալները փաստում են Իրաքյան Քրդստանի տարածքում Իրաքի հայ համայնքի առավել ստվարանալու միտման մասին, ինչը, թերևս, պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տարիներին Իրաքյան Քրդստանը համարվում է Իրաքի համեմատաբար կայուն և անվտանգ շրջաններից մեկը:
Էրբիլում ՀՀ հյուպատոսության բացումը կարևոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլ նաև ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնման տեսանկյունից: Իրաքյան Քրդստանն այսօր վերածվել է կարևոր գործոնի տարածաշրջանում, որի հետ համագործակցության ձևաչափեր են փնտրում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բազմաթիվ ուժեր: Հետևաբար, Էրբիլի հետ կապերի ակտիվացումը կնպաստի նաև համատարած քաոսի պայմաններում գտնվող Մերձավոր Արևելքի հետ ավանդական կապերի պահպանմանը և հարաբերությունների հետագա զարգացմանը: