ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջանային այցերով պայմանավորված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Միևնույն ժամանակ կարևորելով համանախագահների այցը տարածաշրջան` Դավիթ Բաբայանը նշեց, որ այն հետաքրքիր է լինելու, որովհետև երեք համանախագահներից երկուսը նոր են: «Որևէ բեկում պետք չէ ակնկալել: Այս այցելությունն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրելու: Պետք է այցելեն Հայաստան, Արցախ, մենք իհարկե, ներկայացնելու ենք Ադրբեջանի կողմից խախտումները վկայող փաստերը, ապացույցները: Դա միշտ է արվում տարբեր խողովակներով: Փետրվարի 24-26-ը տեղի ունեցած գործողությունների վերաբերյալ ապացույցները, գնահատականները ներկայացվել են նաև ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այնպես, որ այս գործընթացը շարունակվում է» , - ասաց Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, որ համանախագահների հետ հանդիպմանը խոսվում է տարբեր հարցերի շուրջ` կապված տարածաշրջանի իրավիճակի, առկա խախտումների հետ: Արցախը ևս մեկ անգամ հատուկ շեշտը դնելու է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման հարցի վրա: