Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ տարածաշրջանային երկրների, մասնավորապես, Իրանի օրակարգում: Իսլամական Հանրապետությունը, որը տնտեսական և անվտանգային տարբեր պատճառներից ելնելով շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանմամբ, չի կարող անտարբեր մնալ հակամարտության գոտում տիրող շարունակական լարվածության հանդեպ և հայտարարում է, որ տարածաշրջանը չի կարող ևս մեկ էսկալացիայի դիմանալ:
Ինչպես և ակնկալվում էր, պատժամիջոցների վերացումից և միջազգային ասպարեզ Իրանի վերադարձից հետո, Թեհրանի դիրքորոշումը կամ վերաբերմունքը Ղարաբաղյան հակամարտության հարցում նոր երանգներ է ստանում: Զսպվածության կոչ անելով կողմերին՝ իրանական կողմն ընդգծում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի երկխոսության և բանակցությունների ճանապարհով, բացառապես քաղաքական միջոցներով: Նախկինի նման դրական չեզոքություն պահպանելով հակամարտության կողմերի միջև՝ Թեհրանը հետևողականորեն շեշտադրում է միջնորդական դերակատարում ստանձնելու իր պատրաստակամությունը:
Հատկանշական է, որ միջնորդական դերակատարում ստանձնելու Իրանի ցանկությունն էականորեն տարբերվում է իրանական կողմի համանման նախկին ջանքերից: Եվ գլխավոր պատճառը, թերևս, տիրող աշխարհաղաքական նոր իրողություններն են:
Մասնավորապես, ներկա փուլում տարածաշրջանում հատվում են Իրանի և Ռուսաստանի շահերը, ինչը մեծապես պայմանավորված է այդ թվում նաև արտաքին ուժերի միջամտությունը տարածաշրջանում կանխելու երկկողմ ցանկությամբ և Սիրիայում հաջող համագործակցության փորձով (այդ թվում նաև Իրան-Ռուսաստան-Թուրքիա ձևաչափով): Իրանական կողմը հավանաբար չի բացառում այս փուլում տարածաշրջանային խնդիրների, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության շուրջ Ռուսաստանի հետ որոշակի խորհրդակցությունների կամ համագործակցության հնարավորությունը:
Մարտի վերջին սպասվում է Իրանի նախագահի այցը Ռուսաստան: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի օրակարգում ներառված է լինելու նաև Ղարաբաղյան հակամարտությունը, և չի բացառվում, որ խորհրդակցություններն ընթանան հենց վերոնշյալ տրամաբանությամբ: