Բրյուսելում պաշտպանել են հոլանդական իշխանություններին Թուրքիայի ղեկավարության «հարձակումներից»:
Թուրքիայի կողմից Նիդերլանդներին ֆաշիզմի մեջ մեղադրելու փորձերը «բացարձակապես կտրված են իրականությունից, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Ռոտերդամը` Էրազմի քաղաքը, որն ամբողջությամբ ոչնչացվել էր նացիստների կողմից, այժմ ունի մարոկկացի քաղաքապետ: Եթե որևէ մեկը Ռոտերդամում ֆաշիզմ է տեսնում, նրանք ամբողջությամբ կտրված են իրականությունից», - ասել է Տուսկը Եվրոպական խորհրդի լիագումար նիստում:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն իր հերթին նշել է, որ թուրքական կողմը նման հայտարարություններով հեռու է գնում Եվրամիությանն անդամակցությունից:
Եվրոպական մի շարք երկրների և հատկապես Գերմանիայի, Նիդերլանդների հետ Թուրքիայի հարաբերությունները խիստ սրվել են այն բանից հետո, երբ վերջիններս արգելել են թուրք քաղաքական գործիչներին սահմանադրական հանրաքվեի քարոզչությամբ հանդես գալ իրենց տարածքում: Թուրքիայի նախագահ Էրդողանը և այլ պաշտոնյաներ այս կապակցությամբ մեղադրել են Գերմանիային ու Նիդերլանդներին ֆաշիստական գործելաոճի մեջ: