Մարտի 17-ին Սպիտակ տանը կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին հանդիպումը: Օրակարգում անդրատլանտյան գործընկերության թեման է, որի շուրջ բազում տարաձայնություններ կան, հայտնում է Голос Америки-ն:
Նախընտրական արշավի ժամանակ Դոնալդ Թրամփը Մերկելին մեղադրում էր «Գերմանիայի համար կործանարար քաղաքականություն» վարելու, մասնավորապես՝ փախստականների հանդեպ բարեհաճ վերաբերմունքի համար:
Իր հերթին, Մերկելը ևս հանդես է եկել Թրամփի քննադատությամբ ԱՄՆ մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիների մուտքն արգելող նրա հրամանագրից հետո:
Սպիտակ տանը հանդիպման ընթացքում Թրամփն ու Մերկելը պետք է հաղթահարեն տարաձայնություններն այնպիսի բարդ հարցերի շուրջ, ինչպիսին, օրինակ, ՆԱՏՕ-ի կենսունակությունն է: Տեղեկություններ կան նաև, որ կողմերը կարող են հաջողության հասնել մեկ այլ խնդրահարույց հարցի՝ առևտրի շուրջ: