«Մեծ տարբերություն կա թուրք ժողովրդի և թուրքական իշխանությունների մեջ։ Ոչ բոլոր թուրքերն են փոքր Էրդողաններ»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոր-Յունկերը Bild գործակալությանը տված հարցազրույցում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ ԵՄ-ում բնակվող թուրքերը լավ ինտեգրված են և իրենց ներդրումն են ունենում ԵՄ զարգացման մեջ։
Յունկերը նաև նշել է, որ Եվրամիությունում բնակվող թուրքերը պատասխանատվություն չեն կրում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականության համար։ Նա մտահոգություն է հայտնել՝ կապված միգրացիոն գործարքի չեղարկման սպառնալիքների հետ, որ հնչեցրել է Էրդողանը։ «Թուրքիային շահեկան չէ, որ թուրքական ափերի մոտ մաքսանենգներն ու հանցագործները ազդեցության լծակներ ստանան»,- ասել է Յունկերը։
Անկարայի և ԵՄ-ի հարաբերությունները սրացման նոր փուլ մտան այն բանից հետո, երբ եվրոպական մի շարք երկրներ արգելեցին թուրքական իշխանությունների քարոզչությունը՝ կապված ապրիլին կայանալիք սահմանադրական հանրաքվեի հետ։