Անցյալ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պաշտոնական այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում:
Նախագահի մոսկովյան այցը կարող ենք բնութագրել՝ որպես հայ-ռուսական հարաբերությունների բազմակողմանի անդրադարձի լրացուցիչ հնարավորություն:
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄՄՀՊԻ), ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանն անդրադարձավ ինչպես հայ-ռուսական հարաբերություններին առնչվող քաղաքական, տարածաշրջանային անվտանգության ու ռազմաքաղաքականության հետ կապված հարցերին (Մոսկովյան այցը ցույց տվեց «և-և»-ի քաղաքականության կենսունակությունը), այնպես է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակին ու զարգացման հեռանկարներին` ինչպես ԵԱՏՄ ներքո, այնպես էլ ավելի լայն կտրվածքով:
Բոլորովին պատահական չէ, որ ՄՄՀՊԻ լսարանի առջև նախագահը, ներկայացնելով հայ-ռուսական առևտրատնտեսական կապերն ու վերջին զարգացումները, խոսեց նաև այն հնարավորությունների ու դերակատարության մասին, որով Հայաստանն այսօր հանդես է գալի: Խոսքն այն հանգամանքի մասին է, որ հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, Հայաստանը պատրաստվում է նաև Եվրոպայի հետ հարաբերությունների նոր հարթությանն անցմանը: Հասկանալի է, որ խոսքը վերաբերում է ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի և նախաստորագման, ապա նաև՝ ստորագրման պատրաստական աշխատանքների մասին: Այսինքն, ևս մեկ անգամ ներկայացվեցին եվրասիական շուկան եվրոպականի հետ կամրջելու գործիքները:
Եթե փորձենք այդ գործիքներն առանձնացնել, ապա ինչպես Սերժ Սարգսյանն ընդգծեց, դրանք են Կանադայի, Ճապոնիայի , Շվեյցարիայի, ԱՄՆ-ի և Նորվեգիայի հետ GSP արտոնյալ առևտրային ռեժիմը, ԵՄ երկրների հետ՝ Արտոնությունների ընդհանրացված համալրված GSP+ համակարգը, «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնության ձևաչափով խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հնարավորությունները: Այս համատեքստում պետք է հիշեցնենք, որ նախագահի այցը հաջորդում է Բելգիա և Ֆրանսիա կատարած այցերին, որտեղ բիզնես միջավայրի առջև բացվել են նույն գործիքների երկուստեք արդյունավետությունը՝ կրկին ՀՀ ակտիվ դերակատարությամբ:
Ինչ վերաբերում է ՀՀ-ՌԴ երկկողմ ձևաչափերին, ապա, որպես այցի կարևորագույն ձեռքբերում, կարող ենք առանձնացնել Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև ստորագրված Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը:
Հիմնադրամը կզբաղվի ներդրումային գրավչություն ունեցող ծրագրերի մշակմամբ, ինչը, բնականաբար, ներդրումային հնարավորություններ է բացում ոչ միայն ռուսական, այլև՝ ԵԱՏՄ շուկայի տնտեսվարող սուբյեկտների համար: Նրանք, իրենց հերթին, շահագրգռված կլինեն մասնակցելու այդ ծրագրերին՝ Հայաստանի դեպի արևմտյան շուկաներ ուղղորդող վերոնշյալ գործիքակազմից օգտվելու համար: