Անկարայում Նորվեգիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն այն պատճառով, որ երկիրը ապաստան է տրամադրել չորս թուրք քաղաքացիների, ովքեր կասկածվում են թուրքական իշխանությունների դեմ անցյալ տարվա հուլիսին իրականացված հեղաշրջման փորձի մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով նախարարության կողմից արված հայտարարությանը:
«Ցավալի է և անընդունելի, որ դաշնակից երկիրը (խմբ.՝ Նորվեգիան) աջակցություն է ցուցաբերել անձանց, ովքեր հետաքննության մեջ են գտնվում Թուրքիայում: Հայրենիք վերադառնալու փոխարեն նրանք այժմ օգտվում են հյուրընկալող երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական բոլոր հնարավորություններից»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում` հավելելով, որ Թուրքիայի ջանքերն այս հարցում կշարունակվեն:
Նշենք, որ անցյալ տարվա հուլիսի 15-ի հեղաշրջման ձախողված փորձից հետո մոտ 40,000 մարդ է ձերբակալվել Թուրքիայում և ավելի քան 100,000-ն աշխատանքից ազատվել կամ կասեցվել է ռազմական, քաղաքացիական ծառայողների և մասնավոր հատվածի գործունեությունը, իսկ մյուսները մինչ օրս փորձում են ապաստան գտնել արտերկրում: