Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նախաձեռնել է ԵԱՏՄ-ում երկրի դիտորդի կարգավիճակ ստանալու գործընթաց: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դոդոնը , համապատասխան նամակը նա արդեն ուղարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահին: «Մոլդովան պետք է համագործակցի ինչպես Արևմուտքի, այնպես էլ Արևելքի հետ, և այս համագործակցությունը պետք է բխի բացառապես մեր երկրի ազգային շահերից», - նշել է Դոդոնը` ընգծելով, որ երկիրը մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանային տնտեսական միությունների հետ համագործակցությանը: Նախատեսվում է, որ ԵԱՏՄ-ում Մոլդովային դիտորդ երկրի կարգավիճակ տրամադրելու հարցը կքննարկվի մայիսի վերջին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ հետ համագրծակցության խորացման մտադրության մասին Մոլդովայի նախագահն առաջին անգամ հայտարարել էր հունվարին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո:
Դոդոնը պարբերաբար հանդես է գալիս ԵՄ հետ Մոլդովայի ասոցացման պայմանագրի դեմ՝ նշելով, որ դա երկրին որևէ օգուտ չի տվել՝ ավելին՝ Մոլդովան կորցրել է ռուսական շուկան, իսկ դեպի ԵՄ արտահանումների ծավալը նվազել է պայմանավորված ԵՄ բարձր ստանդարտների հետ: «Ես չեմ բացառում, որ խորհրդարանական հաջորդ ընտրություններից հետո Մոլդովան չեղարկի այդ փաստաթուղթը», - Մոսկվայում հայտարարել էր նա:
Նշենք, որ ավելի վաղ մոլդովական իշխանությունները դիմել էին ԵԱՏՄ-ին համագործակցության մասին հուշագիր ստորագրելու խնդրանքով, և ինչպես գրում են մոլդովական լրատվամիջոցները, այդ հուշագիրը նախատեսվում է ստորագրել արդեն ապրիլի 3-ին Քիշնևում կայանալիք միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում, որին մասնակցելու է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Մոլդովայի նախագահն ընդգծում է, որ այդ համաձայնագիրն որևէ կերպ չի հակասում երկրի՝ միջազգայնորեն ստանձնած այլ պարտավորություններին:
Մոլդովայի նախագահի այս նախաձեռնությունն աջակցում են նաև երկրի փորձագիտական շրջանակները՝ նշելով, որ տնտեսական ճգնաժամից դուրս գալու միակ ելքը թերևս ռուսական շուկա վերադառնալն է, և ԵԱՏՄ հետ համագործակցության խորացումը դրական անդրադառնա այդ համագործակցության վրա: Ընդ որում, սոցհարցումները ցույց են տալիս, որ մոլդովացիների մեծ մասը կիսում է իշխանությունների այս մոտեցումը, և անգամ չի բացառվում, որ ԵԱՏՄ անդամակցության մասին հանրաքվե անցկացնելու դեպքում, այն դրական ելք ունենա: