Հայաստանը անհավանական խոհանոցի, բնական գեղեցկության և հիանալի գինու երկիր է, գրում է Euromag ամսագիրը՝ զբոսաշրջիկներին խորհուրդ տալով մայիսյան տոներն անցկացնել Հայաստանում:
«Առավել հաճախ Հայաստանի հետ ասոցացվում է մուգ կանաչ շշի մեջ լցրած հայտնի հինգաստղանի կոնյակը։ Սակայն քչերը գիտեն, որ Հայաստանն, առաջին հերթին, գինեգործության հազարամյա պատմություն ունեցող երկիր է։ Այստեղ` Հայաստանում, Արենիի քարանձավում հայտնաբերվել էր աշխարհի հնագույն գինեգործարաններից մեկը։ Հայաստանը հայտնի է ոչ միայն կարմիր և սպիտակ, այլև վարդագույն գինիներով։ Այսօր Հայաստանի գինին նորաձև թրենդ է», - գրում է պարբերականը՝ հավելելով, որ այս տարի Երևանում մայիսի 5-ին և 6-ին առաջին անգամ կանցկացվի «Գինու օրեր» փառատոն, որը քաղաքի կենտրոնը կվերածվի մի հսկայական հարթակի. կլինեն համերգներ` հայտնի կատարողների մասնակցությամբ, կանցկացվեն վարպետության դասեր և, իհարկե, հայկական գինու համտես։