Հայաստանում ընթացող նախընտրական պայքարի շրջանակներում մրցակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական առաջնահերթությունները հանրությանն առավել մատչելի և ամփոփ ներկայացնելու համար «Հայացք» վերլուծական կենտրոնը նախաձեռնում է վերլուծական տեղեկանքների շարք: Տեղեկանքները կհիմնվեն ինչպես խորհրդարանական ընտրություններում ներգրավված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրի, այնպես էլ տվյալ ուժի ներկայացուցչի հետ «Արմեդիա» ՏՎԳ անցկացրած հարցազրույցի վրա:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ ձևավորված «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման հիման վրա։ Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2016թ-ի փետրվարի 21-ին: Խորհրդարանական ընտրություններին «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հանդես է գալիս «Քվեարկիր հանուն վերածնունդի» կարգախոսով:
Ներկայացնում ենք «Հայկական վերածնունդ» կուսակցության մոտեցումներն՝ ըստ ՀՀ արտաքին քաղաքականության հետևյալ առաջնահերթությունների՝ Ղարաբաղյան հիմնախնդիր, Հայ-թուրքական հարաբերություններ, Հայոց ցեղասպանություն, ՀՀ-ուժային կենտրոններ, ՀՀ-հարևաններ, ՀՀ-ինտեգրացիոն գործընթացներ, հայրենիք-սփյուռք հարաբերություններ:
Ի տարբերություն խորհրդարանական ընտրություններին մասնակցող այլ ուժերի, որոնց ներկայացուցիչների հետ «Արմեդիա» ՏՎԳ-ն իրականացրել է հարցազրույց` իրենց ուժի արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հարցազրույց չի տվել: Ուստի, սույն վերլուծական տեղեկանքը հիմնված է միայն կուսակցության նախընտրական ծրագրի վրա, ինչը որոշ չափով սահմանափակում է «Հայկական վերածնունդ» կուսակցության արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ ամբողջական, առավել մանրամասն պատկերացում կազմելու հնարավորությունը:
Ղարաբաղյան հիմնախնդիր
«Հայկական վերածնունդ» կուսակցության ծրագրում չկա որևէ անդրադարձ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց տեսլականին:
Հայ-թուրքական հարաբերություններ
Անդրադարձ չկա նաև հայ-թուրքական հարաբերություններին:
Հայոց ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության հարցը նույնպես ներառված չէ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրում:
ՀՀ-ՌԴ/ՀՀ-ԱՄՆ/ ՀՀ-ԵՄ/ ՀՀ-Վրաստան/ՀՀ-Իրան
Ըստ «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ Հայաստանը պետք է մասնակցություն ունենա տարածաշրջանային խոշոր ծրագրերին: Ուստի առաջարկվում է, որպեսզի միջազգային ֆինանսական կառույցներից և շահագրգիռ պետություններից ֆինանսական միջոցներ ներգրավվեն Իրան-Հայաստան-Վրաստան նավթամուղի, Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի, Հայաստան-Իրան ջրատարի, Իրան-Հայաստան երկաթգծի, Հայաստանում ժամանակակից նավթագործարանի կառուցման նպատակով:
Կուսակցության նախընտրական ծրագրում նաև նշվում է, որ անհրաժեշտ է Էներգետիկ հզորությունների հետևողական զարգացում և դիվերսիֆիկացիա: Կուսակցությունը, մասնավորապես, շեշտում է Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ համակարգի զարգացման կարևորությունը:
Կուսակցության ծրագրում չկա առանձին անդրադարձ հարևան երկրների հետ ՀՀ երկկողմ, ինչպես նաև ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններին:
Ինտեգրացիոն գործընթացներ
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրում արտացոլված չէ նաև կուսակցության տեսլականը ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:
Սփյուռք
Նախընտրական ծրագրում Սփյուռքի վերաբերյալ կա առանձին կետ, որում կարևորվում է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդման հարցը, որի համար «Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջարկում է համահայկական կառույցների ձևավորում` ներառյալ Համահայկական խորհրդարան, Համահայկական խորհուրդ, որտեղ փորձաքննություն կանցնեն մի դեպքում Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, մյուս դեպքում՝ Կառավարության և գործադիր իշխանության որոշումները, կտրամադրվի խորհրդատվություն:
Առաջարկվում է նաև սփյուռքահայերի` երկրի զարգացման գործում ներգրավման նորարական այլ մեխանիզմների ներդրում, ինչպես նաև խրախուսում սփյուռքահայերին` Հայաստանում ներդրումներ կատարելու, ձեռներեցությամբ զբաղվելու համար: Ըստ «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ անհրաժեշտ է երաշխավորել սփյուռքահայերի օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունը:
Ի՞նչ նորույթ է առաջարկում կուսակցությունը
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածում որոշակի նորույթ պարունակող կամ քիչ շրջանառված թեզերից կարելի է առանձնացնել համահայկական կառույցների` ներառյալ Համահայկական խորհրդարանի, Համահայկական խորհրդի ձևավորման գաղափարները: