Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ ԵՄ-ն կանհետանա աշխարհի քաղաքական քարտեզից։ «Եվրամիությունը կմահանա, քանի որ այն մարդկանց այլևս պետք չէ», - հայտարարել է Լե Պենը, ով սոցհարցումների համաձայն Ֆրանսիայի նախագահական կայանալիք ընտրություններում ֆավորիտներից մեկն է:
Լե Պենի այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է փորձագետների այն տեսակետը, որ ԵՄ-ն այժմ առերեսվել է լուրջ մարտահրավերների, որոնց լուծման հարցում թերևս հռչակագրի ընդունումը բավարար չէ:
Մարտի 25-ին Հռոմում կայացավ ԵՄ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողով՝ նվիրված ԵՄ ստեղծման համար հիմք ծառայած Հռոմի համաձայնագիր 60-ամյակին: Միջոցառման ավարտին անդամ երկրների ղեկավարները ստորագրեցին համատեղ հռչակագիր, որով սահմանվում են ԵՄ հետագա զարգացման ուղղությունները միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: Հռչակագրում մասնավորապես ընդգծվում է Եվրոպայում և ամբողջ աշխարհում ժամանակի սպառնալիքների նկատմամբ միասնական դիրքորոշման կարևորությունը, ինչպես նաև առանձնացվել են հաջորդ տասնամյակում ԵՄ 4 հիմնական նպատակները՝ Եվրոպան պետք է լինի անվտանգ, բարգավաճող, սոցիալապես արդար և համաշխարհային ասպարեզում դառնա ավելի ուժեղ:
Այս մասին բարձրաձայնում են նաև ԵՄ պաշտոնյաները. Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի կարծիքով Հռոմի հռչակագիրը եվրոպական նախագծի նոր մեկնարկ է, սակայն այժմ գլխավորը խոսքից գործի անցնելն է:
Թերևս նման առաջին քայլը կարելի է համարել այս հռչակագրի վերաբերյալ Լեհաստանի պահանջների կատարումը Բրյուսելի կողմից: Հիշեցնենք, որ Վարշավան հայտարարել էր, որ չի ստորագրի հռչակագիրը, եթե այն չպարունակի դրույթներ եվրոպական միասնության, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, ազգային խորհրդարանների դերի ուժեղացման և միասնական շուկայի չափորոշիչներին հետևելու մասին: Մինչև վերջին վայրկյանը փաստաթղթի ստորագրումը Լեհաստանի կողմից հանդիսանում էր գագաթաժողովի հիմնական ինտրիգը: Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն ստորագրումից առաջ մի քանի վայրկյան պահել է գրիչը փաստաթղթի վրա, որից հետո ստորագրել ու ժպտացել. Բրյուսելը բավարարել էր Լեհաստանի պահանջները:
Ամեն դեպքում փորձագետներն ընդգծում են, որ հռչակագրում բացակայում են ԵՄ առջև ներկայումս ծառացած խնդիրների լուծման հստակ պատասխանները, ինչը հռչակագիրը ոչ գործնական է դարձնում: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հռչակագիրն ավելացրել է ներեվրոպական տարաձայնությունները. մասնավորապես Հռոմի հռչակագրում ամրագրված դրույթը, որ ԵՄ համար միևնույն ուղղությամբ զարգացումը տարբեր երկրների պարագայում կարող է ընթանալ տարբեր արագությամբ և ինտենսիվությամբ, առաջացրել է ԵՄ անդամ արևելաեվրոպական երկրների դժգոհությունը: