Հայաստանում ընթացող նախընտրական պայքարի շրջանակներում մրցակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական առաջնահերթությունները հանրությանն առավել մատչելի և ամփոփ ներկայացնելու համար «Հայացք» վերլուծական կենտրոնը նախաձեռնում է վերլուծական տեղեկանքների շարք: Տեղեկանքները կհիմնվեն ինչպես խորհրդարանական ընտրություններում ներգրավված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրի, այնպես էլ տվյալ ուժի ներկայացուցչի հետ «Արմեդիա» ՏՎԳ անցկացրած հարցազրույցի վրա:
Խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը (ՀՀԿ) հանդես է գալիս «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով: ՀՀԿ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ՀՀԿ անդամ, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:
Ստորև ներկայացված են ՀՀԿ մոտեցումներն ըստ ՀՀ արտաքին քաղաքականության հետևյալ առաջնահերթությունների՝ Ղարաբաղյան հիմնախնդիր, հայ-թուրքական հարաբերություններ, Հայոց ցեղասպանություն, ՀՀ-ուժային կենտրոններ, ՀՀ-հարևաններ, ՀՀ-ինտեգրացիոն գործընթացներ, հայրենիք-սփյուռք հարաբերություններ:
Ղարաբաղյան հիմնախնդիր
ՀՀԿ նպատակն է, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից»: Ինչպես նշվում է կուսակցության ծրագրում, ՀՀԿ-ն «սատարելու է արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին»:
Միևնույն ժամանակ, Արտակ Զաքարյանը հարցազրույցում նշում է, որ «անընդհատ և մշտապես կատարելագործվելու են մեր պաշտպանական կարողությունները, որպեսզի ադրբեջանական կողմի մտքով երբևէ չանցնի, որ կարող են լինել նաև լուծման այլ ճանապարհներ»:
Կուսակցության ծրագրով նախատեսվում է «շարունակել աշխատանքները կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Արցախի Հանրապետությունը` որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ»:
Հայաստանի Հանրապետության, Արցախի և սփյուռքի ջանքերն ուղղվելու են միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող և կանխարգելող որոշումների ընդունմանը: Միևնույն ժամանակ, «Արցախի սոցիալ-տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանումը շարունակելու է մնալ կարևորագույն առաջնահերթություն» ՀՀԿ-ի համար:
Հայ-թուրքական հարաբերություններ
Արտակ Զաքարյանի կարծիքով 2009 թվականին «Թուրքիային հնարավորություն էր տրված բացել իր իսկ կողմից փակված սահմանը` կարգավորելով հարաբերությունները: Սակայն այդ հնարավորությունը, ցավալիորեն, Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայության պատճառով, չօգտագործվեց»: «Ներկայումս գնդակը Թուրքիայի դաշտում է: Եթե ապագայում Թուրքիան անդրադառնա բանակցված արձանագրությունների վարվերացմանը, գուցե մեզ մոտ ևս որոշակի զարգացումներ լինեն», - նշում է Զաքարյանը:
Հայոց ցեղասպանություն
ՀՀԿ ծրագրով նախատեսվում է շարունակել «ջանքերը ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման ու դատապարտման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն առնչվող խնդիրները միջազգային հանրության օրակարգում պահելու համար»: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին, ապա Արտակ Զաքարյանի կարծիքով դա «կենդանի գործընթաց է»: «Երեք տասնյակ պետություններ արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը», - նշում է Զաքարյանը:
ՀՀ-ՌԴ/ՀՀ-ԱՄՆ/ ՀՀ-ԵՄ/ ՀՀ-Վրաստան/ՀՀ-Իրան
Արտաք Զաքարյանն ընդգծում է, որ «ՀՀ արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցվել է փոխլրացման, տարածաշրջանում ներգրավված խոշոր տերությունների և միջազգային կազմակերպությունների շահերի համադրման վրա»:
ՀՀԿ նախընտրական ծրագիրն անդրադառնում է ուժային կենտրոնների (օր. ՌԴ, ԱՄՆ, Չինաստան) և հարևանների (Վրաստան, Իրան) հետ երկկողմ հարաբերություններին:
Նշվում է, որ «Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության դաշնակիցն է: Դրանով շատ բան է ասված»: Ընդգծվում է ՀՀԿ պատրաստակամությունը՝ «նոր մակարդակի բարձրացնելու Ռուսաստանի Դաշնության հետ մեր ռազմավարական գործընկերությունը»։ «ՌԴ-ի հետ ՀՀ-ն սերտ փոխգործակցում է անվտանգության, տնտեսական զարգացման և կայունության ապահովման համատեքստում», - պարզաբանում է Արտակ Զաքարյանը:
ՀՀ նախընտրական ծրագրով նախատեսվում է «ամերիկյան նոր վարչակարգի օրոք նոր թափ հաղորդել Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամական գործընկերությանը»: Արտակ Զաքարյանի կարծիքով ԱՄՆ-ի հետ հարաբերություններն իրենց ուրույն տեղն ու դերն ունեն ՀՀ արտաքին քաղաքականության համայնապատկերում: «Այս երկկրողմ հարաբերությունների օրակարգը ներառում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության և այլն։ Այս բոլոր ոլորտներում մեր գործակցությունը բնութագրվում է որպես արդյունավետ», - նշում է Զաքարյանը:
ՀՀԿ ծրագրում արձանագրվում է «Չինաստանի հետ վերելք ապրող մեր հարաբերությունների փաստը՝ մի բան, որ հաստատապես շարունակվելու է նույն ոգով»:
ՀՀԿ ծրագրով նախատեսվում է «նոր թափ հաղորդելու Իրանի և Վրաստանի հետ մեր հարաբերություններին, հատկապես շեշտը դնելով տնտեսական ողջ ներուժի իրագործման վրա»: Արտակ Զաքարյանը պարզաբանում է, որ «հայ-վրացական երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած է երկուստեք հետաքրքրություն և կարևորություն ներկայացնող արդիական օրակարգի ձևավորումը և առկա խնդիրների շուրջ օպերատիվ կարգավորման արդյունավետ մեխանիզմների գործածումը»:
Ինչ վերաբերում է ՀՀ-Իրան հարաբերություններին, ապա Զաքարյանի կարծիքով «թե՛ Իրանը և թե՛ ՀՀ-ն շահագրիռ են անելու առավելագույնը առկա հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար»:
Ինտեգրացիոն գործընթացներ
Արտակ Զաքարյանը պարզաբանում է, որ ՀՀ-ն իր արտաքին քաղաքական ինտեգրացիոն գործընթացները պայմանավորել է «տարբեր համակարգերում փոխներդաշնակ ընդգրկման համատեքստում. անդամակցելով ՀԱՊԿ-ին՝ ՀՀ-ն միաժամանակ զարգացրել է իր գործընկերային հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ»:
ՀՀԿ նախըտրական ծրագրում նշվում է, որ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների և նպատակների իրականացումը շարունակելու է մնալ առաջնային: Հայաստանը հետևողականորեն իր ներդրումն է բերելու ՀԱՊԿ-ի հետագա ամրապնդման գործում»:
Կուսակցության կարծիքով «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ առավել լայն հնարավորություններ բացվեցին մեր երկրի տնտեսական զարգացման համար»: Այդ առումով ՀՀԿ-ն օժանդակելու է գործարարներին Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններն ամբողջությամբ իրացնելու համար:
ՀՀԿ ծրագիրը սահմանում է, որ «մեր երկրում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին առանցքային է Եվրոպական միության հետ համագործակցությունը»։ «Շարունակելու ենք խորացնել ԵՄ-ի հետ մեր փոխգործակցությունը՝ շուտով հաջողությամբ ավարտելով բանակցությունները նոր իրավական շրջանակի շուրջ», - նշվում է ՀՀԿ ծրագրում: Միևնույն ժամանակ, նախատեսվում է շարունակել զարգացնել հարաբերությունները Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, եվրոպական մյուս երկրների հետ՝ հիմնվելով մեր ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգի վրա:
Սփյուռք
ՀՀԿ ծրագրի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը համայն հայության Հայրենիքն է»: «Պետք է անենք հնարավորից ավելին, որ մեր բոլոր հայրենակիցները միավորվեն Հայրենիքի շուրջ: Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է Հայաստանում կարողանան ստեղծել հավելյալ արժեք: Հայաստանը պետք է բիզնես ստեղծելու, զարգացնելու և շահույթ ստանալու համար գրավիչ լինի նաև նրանց համար: Համատեղ աշխատանքի այս ճանապարհով ենք մենք առաջ գնալու», - նշվում է կուսակցության ծրագրում:
Արտակ Զաքարյանը մանրամասնում է, որ «ՀՀ-Սփյուռք գործակցության ոլորտները բազմաթիվ են և բազմավեկտոր: Հարաբերությունների կառուցման հիմքում առանցքային խնդիր է հանդիսանում հայապահպանության հարցը»: Զաքարյանի կարծիքով՝ Սփյուռքն իր դերն ունի նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման գործընթացում. «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության առաջնային խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու հարցի լուծումն է»: Միևնույն ժամանակ Զաքարյանը նշում է, որ ՀՀ-Սփյուռք հարաբերություններում իր ուրույն տեղն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը` որպես անցյալի հանդեպ արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված կարևոր հարց: