Հայ-արաբական հարաբերություններն ավանդաբար ջերմ բարեկամական բնույթ են կրում: Սակայն տարիների ընթացքում Հայաստանը հիմնականում հարաբերությունները զարգացրել է հայկական համայնք ունեցող արաբական երկրների՝ Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Եգիպտոսի հետ: Վերջին տարիներին Երևանն իր հայացքն ուղղել է նաև տնտեսապես հարուստ Ծոցի արաբական երկրներին: Որպես այդ երկրների հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ առաջին քայլ կարելի է համարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2009 թվականի պետական այցը Քուվեյթ, որը նման մակարդակի առաջին այցն էր այս տարածաշրջանի երկրներ:
Հաջորդ արաբական միապետությունը, որի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ Երևանը քայլեր է ձեռնարկում Արաբական Միացյալ Էմիրություններն է, որը լուրջ ռեսուրսային երկիր է: 2016 թվականի նոյեմբերին կայացավ ՀՀ նախագահի առաջին պետական այցն այս երկիր: Այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն իրեն երկար սպասեցնել չտվեց: Ընդամենը երեք ամիս անց Աբու Դաբիում կայացավ «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովը, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանն ընձեռնված հնարավորություններից օգտվում է բավականին օպերատիվ կերպով: Մյուս կողմից, նախագահի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արագությունը վկայում է, որ մեր երկրի հետ համագործակցության խորացման հարցում հետաքրքրված են նաև Միացյալ Էմիրությունները: Հատկանշական է, որ նախագահի այցը լայնորեն լուսաբանվել է Ծոցի արաբական մամուլում:
Նշենք, որ Հայաստանի համար ներդրումային լավ ֆոն ապահովում են հատկապես Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ հետ ունեցած գործընկերային բարձր մակարդակի հարաբերությունները, որոնք արտոնյալ պայմաններ են ստեղծում նաև տնտեսական ոլորտում: Հայաստանն արաբական երկրների համար որոշ դեպքերում կարող է կապ ապահովել ինտեգրացիոն այս միավորների հետ, որոնք բավականին մեծ շուկա ունեն: Ընդ որում, այս հանգամանքը Հայաստանին գրավիչ է դարձնում ոչ միայն ԱՄԷ-ի այլև ողջ արաբական աշխարհի համար: Հատկանշական է, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի և Աբու Դաբիի Առևտրի պալատի կազմակերպած «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովը նպատակ ուներ խթանելու Հայաստանի հետ ոչ միայն ԱՄԷ, այլև արաբական երկրների տնտեսական կապերի ակտիվացումը, գործարարների միջև շփումները:
Այս համատեքստում հարկ է նշել, որ ի տարբերություն նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱՄԷ կատարած առաջին այցի, երկրորդը զուտ երկկողմ չէր. Հայաստանը, ակտիվացնելով տնտեսական կապերն արաբական աշխարհի հետ, նպատակ ուներ խորացնել վերջինիս հետ ունեցած ավանդական բարեկամական հարաբերությունները: Չպետք է մոռանալ, որ ժամանակակից միջազգային հարաբերություններում կարևորագույն բաղադրիչներից է տնտեսականը, որն էլ երբեմն որոշիչ է այլ հարթություններում երկկողմ հարաբերությունների բնույթի և պետությունների միջազգային համագործակցության համար: