Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործող գլխավոր գրասենյակի կողմից Սբ Զատկին ընդառաջ մարտի 28-ին քրիստոնյա համայնքների համար և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ընթրիք է կազմակերպվել, որին մասնակցել է նաև Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը:
Ընթրիքին պոլսահայ համայնքից ներկա են եղել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների հիմնադրամների միության անդամներից Թորոս Ալջանը, Պոլսո Հայոց պատրիարքարանի Եկեղեցական խորհրդի նախագահ Տ. եպիսկոպոս Սահակ Մաշալյանն ու Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալ շարունակող Արամ Աթեշյանը, որն էլ իր աղոթքով կատարել է ընթրիքի բացումը, հայտնում է PanArmenian-ը Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականին հղումով:
Փոխվարչապետ Վեյսի Քայնաքին հարցրել են Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրության շուրջ ծագած ճգնաժամի և Ստամբուլի նահանգապետարանի միջամտության մասին, ինչին ի պատասխան Քայնաքը խոստացել է լուծել հարցը, սակայն խնդրել է հայ համայնքին սպասել մինչև ապրիլի 16-ի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ավարտը:
«Ինձ այս հարցով նաև զանգահարել են Մեջլիսի հայազգի պատգամավորներ Սելինա Դողանը, Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը: Հարցը կլուծվի, դյուրին է: Սակայն թույլ տվեք սպասել մինչև հանրաքվեի ավարտը», - ասել է Քայնաքը: