«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների շրջանակներում «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի կողմից իրականացված վերլուծական հոդվածների շարք: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ ընտրարշավում մրցակցող քաղաքական ուժերի տեսլականներին՝համադրելով դրանք: Համադրական վերլուծությունը հիմնված է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի, ինչպես նաև «Արմեդիա» ՏՎԳ կողմից իրականացված հարցազրույցների վրա: Տվյալները ներկայացվել են նաև աղյուսակավորված տեսքով:
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում բավական մեծ կարևորություն են տվել ՀՀ արտաքին քաղաքական կուրսին, մասնակվորապես ՀՀ-ԵՄ, ՀՀ-ՌԴ հարաբերություններին, և միայն որոշ ուժեր են ներկայացրել իրենց մոտեցումները ՀՀ-ԱՄՆ և ՀՀ-Չինաստան հարաբերությունների զարգացման տեսլականի վերաբերյալ:
ՀՀ-ՌԴ
ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունները բոլոր քաղաքական ուժերի կողմից դիտարկվում են որպես ռազմավարական կարևորություն ունեցող հարաբերություններ՝ առավելապես անվտանգությանն առնչվող ոլորտներում և որպես տնտեսական կարևոր գործընկեր: Ուժերից շատերի կողմից հավասարապես կարևորում են ինչպես ՀՀ-ՌԴ հարաբերությունները, այնպես ՌԴ հետ սերտ համագործակցությունը միջազգային հարթակներուկ՝ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում:
Այս հարցում տարբերվում է «Ազատ դեմոկրատներ» կուսկացության դիրքորոշումը: Այս քաղաքական ուժը կարևորում է ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների պահպանումը և զարգացումը՝ ընդգծելով իրավահավասարության սկզբունքի պահպանման կարևորությունը: Դրա հետ մեկտեղ առաջարկում է դուրս գալ ԵԱՏՄ կազմից, ինչպես նաև վերանայել ՀԱՊԿ հիմնարար պայմանագրերը՝ հասնելով «երկկողմ (հայ-ռուսական) կամ բազմակողմ (եթե հնարավոր է) ձևաչափով Հայաստանին սպառնացող վտանգներին արագ ու վաղօրոք հակազդելու վերաբերյալ» արձանագրությունների ընդունմանը: Հակառակ դեպքում կասկածի տակ է դրվում ՀԱՊԿ-ին անդամակցության նպատակահարմարությունը:
«Ելք» դաշինքն, իր հերթին, արտաքին քաղաքական սխալ է համարում ԵԱՏՄ-ին անդամակցությունը, սակայն չի առաջարկում դուրս գալ միությունից՝ դրա փոխարեն կարևորելով ռիսկերի գնահատումը: Նաև դաշինքն առաջարկում է բանակցություններ սկսել ՀԱՊԿ շրջանակներում «միմյանց անվտանգության ապահովման դաշնակցային պարտավորությունների հստակեցման շուրջ»:
«ՀՅԴ»-ի դիրքորոշմամբ, չնայած ԵԱՏՄ որոշ պետություններ ադրբեջանամետ քաղաքականություն են վարում՝ ի վնաս մեզ: «Սակայն, այդ ամբողջն իմանալով, անհրաժեշտ է, որ մենք այդ ինտեգրումը շարունակենք»,- գտնում է կուսակցությունը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի և Հայկական վերածնունդ կուսակցության նախընտրական ծրագրերում անդրադարձ ՀՀ-ՌԴ հարաբերություններին չկա: Հայկական վերածնունդն ընդգծում է միայն Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ համակարգի զարգացման, նոր ատոմային էներգաբլոկի, աղբավերամշակման գործարանների կառուցման անհրաժեշտությունը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի արտաքին քաղաքականությանը վերաբերող ընդհանրական բաժնում, խոսվում է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ հարաբերվելիս հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության մասին՝ նպատակ ունենալով՝ «բարձրացնել ՀՀ ինքնիշխանության և սուբյեկտայնության մակարդակը միջազգային ասպարեզում, ապահովել մեր երկրի անվտանգությունը, ձեռք բերել վստահելի ու հուսալի գործընկերոջ կամ դաշնակցի կարգավիճակ»:
ՀՀ-ԵՄ
Առանց բացառության բոլոր քաղաքական ուժերը կարևորում են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումն ու խորացումը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցությունը համարում է ռազմավարական տեսլական, հեռահար նպատակն է համարում անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Կուսակցությունն առաջարկում է ԵՄ հետ ստորագրելիք նոր պայմանագիրը դարձնել ավելի համընդգրկուն՝ դրանում ներառելով խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, վիզաների ազատականացման բաղադրիչները:
«Ելք» դաշինքը նախատեսում է բանակցություններ սկսել՝ ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ:
ՀՀԿ-ի կողմից հատուկ ընդգծվում է ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման, բարեփոխումների շարունակման կարևորությունը, այնպես էլ եվրոպական առանձին երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
ՀՅԴ-ի ծրագրում ընդգծվում է. «Մենք ամերիկամետ, ռուսամետ, եվրոպամետ չենք, մենք հայամետ և հայաստանակենտրոն ենք: Արտաքին քաղաքականության վեկտորն ընտրելիս պետք է առաջնորդվենք բացառապես մեր ազգային շահով»:
ՀՀ-ԵՄ հարաբերություններին անդրադարձ չի կատարվում Հայաստանի Կոմունիստական կուսակցության, ՀՅԴ-ի, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքնի և Հայկական վերածնունդ կուսակցության նախընտրական ծրագրերում:
ՀՀ-ԱՄՆ
Քաղաքական ուժերը կարևորում են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը: Այդ մասին իրենց նախընտրական ծրագրերում հիշատակում են ՀՀԿ-ն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ԵԼՔ դաշինքը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջարկում է ընդլայնել ԱՄՆ-ի հետ առևտրատնտեսական, էներգետիկ և բնագավառներում համագործակցությունը՝ ընդհուպ մինչև ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրում: ՀՀԿ-ն, իր հերթին, նախատեսում է նոր թափ հաղորդել ԱՄՆ հետ բարեկամական գործընկերությանը: «Ելք» դաշինքը կարևորում է «արժանապատիվ և փոխշահավետ հարաբերությունների» զարգացումը:
ՀՀ-Չինաստան
Չինաստանի հետ հարաբերություններին իրենց նախընտրական ծրագրում առանձին անդրադարձ է կատարել միայն ՀՀԿ-ն: «Ուրախությամբ ենք արձանագրում Չինաստանի հետ վերելք ապրող մեր հարաբերությունների փաստը՝ մի բան, որ հաստատապես շարունակելու ենք նույն ոգով»,- ասված է ծրագրում:
Համադրական այլ վերլուծականներ՝