Նախօրեին տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջին պաշտոնական այցը Թուրքիա: Դատելով այցի վերաբերյալ թուրքական և ամերիկյան մամուլի անդրադարձից՝ պետք է փաստել, որ ԱՄՆ պետքարտուղարի առաջին պաշտոնական այցը Թուրքիա և բանակցություններն իր ՆԱՏՕ դաշնակցի հետ հարթ չեն ընթացել:
Այցի շրջանակներում բանակցությունների հիմնական թեմաներն էին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև վերջին շրջանում տեղի ունեցած անհամաձայնություններն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին են թուրք ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման պահանջը (Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Գյուլենին հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձը կազմակերպելու համար և պահանջում են ԱՄՆ-ից արտահանձնել նրան), ինչպես նաև Սիրիայում ԱՄՆ կողմից քրդերին տրվող աջակցությունը (ինչպես հայտնի է, Թուրքիան դեմ է Սիրիայում քրդերին ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցությանը՝ նրանց համարելով Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական Բանվորական Կուսակցության աջակիցները):
Համաձայն ամերիկյան մամուլի լուսաբանումների, պատասխանելով Թուրքիայի՝ Գյուլենի արտահանձման պահանջին, ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարը հավատարիմ է մնացել մինչ այս ԱՄՆ կողմից հարցի շուրջ տարվող քաղաքականությանը՝ նշելով, որ արտահանձնումն իրավական խնդիր է և դրանով զբաղվում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:
Բավական հետաքրքիր էր Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Թիլերսոնի հայտարարությունն ԱՄՆ կողմից քրդական ուժերի աջակցության տրամադրման վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարը, մասնավորապես, նշում է, որ նրանք իր թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել են առկա տարբերակները, որոնք, ինչպիես ինքն է նկատել, դյուրին չեն, և նրանք ստիպված են լինելու կայացնել դժվար ընտրություններ:
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը նկատել է, որ Թուրքիան և ԱՄՆ քննարկել են հարցի շուրջ հնարավոր այլընտրանքները: Հարց է առաջանում, իսկ ո՞րն է լինելու այդ այլընտրանքը և կարո՞ղ են, արդյոք, Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադը և Սիրիայի իշխանական զորքերը դառնալ այդ այլընտրանքները: Այս տարբերակը առնվազն չի կարելի բացառել՝ հաշվի առնելով հետևալ գործոնները:
Առաջին, ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիա իր այցի ժամանակ ինքը նկատեց, որ Ասադի երկարաժամկետ կարգավիճակը որոշելու է Սիրիայի ժողովուրդը: Իր հերթին ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին նույնպես հայտարարեց, որ Սիրիայում ԱՄՆ գերակայություն չէ այլևս Ասադի հեռացումը: Պետք է նկատել, որ սա Սիրիայում ԱՄՆ քաղաքականության հստակ փոփոխություն է:
Երկրորդ, նման հնարավոր եզրահանգման պատճառ են դառնում Թրամփի պաշտոնավարումից ի վեր, նրա արտաքին քաղաքականությունում նկատվող միտումներն առ այն, որ ի տարբերություն նախկին վարչակարգի, Թրամփն ԱՄՆ արտաքին քաղաքականությունը բերելու է այլ երկրների հետ պայմանավորվածությունների դաշտ՝ «ինչը ինչի դիմաց» սկզբունքով: Այդտեղ գլխավոր դերակատարները լինելու են ոչ թե տվյալ երկրի ընդդիմադիր ուժերն, այլ իշխանության ներկայացուցիչները:
Ուստի, ապագայում այս ուղղությամբ կարող ենք նոր զարգացումների ականատես լինել՝ անգամ չբացառելով, որ ի վերջո Ասադը դառնա ԱՄՆ-ի և Թուրքիայի հիմնական աջակիցը Սիրիայում՝ ԻՊ դեմ պայքարում: