«Հայաստանի տարածքում ժամը ութից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, որն ընթանում է բնականոն հունով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը. հաղորդում է Panorama.am-ը:
Նա տեղեկացրել է, որ ՀՀ տարածքում կազմակերպվել է 2009 տեղամաս, որից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում, բացվելու են ավելի ուշ: ԿԸՀ նախագահն ասել է, որ տեղամասային հանձնաժողովների անդամները (15 հազար 976) պարտաճանաչ ներկայացել են, բացակայությունները եղել են աննշան:
Առաջին անգամ ընտրողների գրանցումն իրականացվում է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Տեղադրվել է 4000 սարքավորում:
«Մեկ դեպքում ունենք տեխնիկական սարքավորման մասնագետի փոփոխում առողջական խնդիրների պատճառով: Lոռու մարզի երկու տեղամասում տեխնիկական սարքավորումները խափանվել են, գրանցումն իրականացվում է համարակալված կտրոններով»,- նշեց նա:
ԿԸՀ նախագահն ասաց, որ տեղամասերի բացման ժամանակ 92 տոկոսից ավելի տեղամասերում ներկա են եղել ԶԼՄ ներկայացուցիչներ, տեղական, միջազգային դիտորդներ: