Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ ընտրությունների Պետդումայի դիտորդական պատվիրակության ղեկավար Վիկտոր Վոդոլացկին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում իր տեսակետն է հայտնել ՀՀ ԱԺ ընտրությունների առնչությամբ:
«Դիտորդների մեր խումբը բաղկացած է ինը մարդուց: Մեծամասամբ շրջել ենք Երևանի ընտրատեղամասերում: Դիտորդներից երկուսը շուտով կվերադառնան Գյումրիից և Ստեփանավանից»:
Նա նշել է, որ անձամբ հասցրել է լինել տասը ընտրատեղամասերում, իսկ երեկ եղել է Գառնիում և Գեղարդում ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու համար:
Այս մասին հաղորդում է Armenpress-ը:
«Առավոտյան ընտրող տատիկներից մեկի հետ անցա ընտրական ողջ արարողակարգը՝ հասկանալու համար, թե որտեղ հնարավոր կլինի ինչ որ բան խախտել և եկա այն եզրակացության , որ հնարավոր չէ որևէ բան կեղծել»:
Վոդոլացկու համոզմամբ՝ որևէ ընտրող չի կարող բողոքել ընտրելու այս ձևից: «Նոր տեխնիկան միայն մի խնդիր ունի. հաճախ մարդկանց հերթեր են առաջանում այն պատճառով, որ սկաները դժվարությամբ է ճանաչում մեծահասակների մատնահետքերը: Եթե այլ պետությունները նույնպես որոշեն կիրառել այս ընթացակարգը, ապա ցանկալի է, որ հաշվի առնեն այս հանգամանքը»:
Վոդոլացկին իր խոսքում նաև ընդգծել է, որ շատ կուսակցություններ իրենց ծրագրերում պարզ չեն անդրադառձել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներին, գուցե դա է պատճառը նրա կարծիքով, որ ընտրողների մի մասը դժվարությամբ է կողմնորոշվում իր ձայնը համատասխան քաաքական ուժին տալու հարցում:
Վոդոլացկին տեղեկացրել է նաև, որ 17:00-ից հեո իրենք ևս մի քանի ընտրատեղամասեր կայցելեն և կփորձեն հաղորդակցվել երիտասարդների հետ, քանի որ նրանք ազատ են և բացահայտ ասում են թե ում են տալիս իրենց ձայնը և ինչու: