ՀՀ պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով զինվորականների քվեարկությունների վերաբերյալ ահազանգերը, հորդորել է զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրների դեպքում զանգահարել ՊՆ «Թեժ գծի» 1-28 հեռախոսահամարին:
Armenpress լրատվականը ներկայացրել է ՊՆ հայտարարությունը այս հարցի առնչությամբ:
«ՀՀ ԱԺ 2017 ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի տեղեկատվական կենտրոնը ահազանգ է տարածել թիվ 14/20 ընտրական տեղամասում զինվորականների ուղղորդված քվեարկության վերաբերյալ: Մեկ այլ դաշինքի վստահված անձինք էլ թիվ 34/38 ընտրատեղամասում արձանագրել են «զինծառայողների շարունակական կուտակումներ»:
ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում են ՀՀ ԱԺ 2017 թ. ընտրություններին, և ընտրություններին զինծառայողների մասնակցությունն ապահովելու համար իրականացվում են զորամասերի մշտական տեղակայման վայրերից զինծառայողներին ընտրատեղամասեր փոխադրելու ընտրական գործընթացը կազմակերպված անցկացնելու աշխատանքներ:
Թիվ 14/20 ընտրական տեղամասում նշված դաշինքի ներկայացուցչի արձանագրած «միջադեպը» կապված է եղել ընտրողների ցուցակում քվեարկությանը մասնակցող զինծառայողների մեկի անվան դիմաց արդեն կատարված գրառման հետ: Նշված դաշինքի ներկայացուցչի կասկածն է հարուցել նաև զինծառայողի անձը հաստատող փաստթղթի՝ զինվորական գրքույկի ճշտությունը: Ընտրական տեղամասի հանձնաժողովի և ժամկետային զինծառայողների ուղեկցող սպայի կողմից կատարվել է ճշտում և զինծառայողին թույլատրվել է մասնակցել քվեարկությանը:
Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գծի» 1-28 անվճար հեռախոսահամարին»: