Ապրիլի 3-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունը ներկայացրեց իր նախնական եզրակացությունները ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունը հանդիսանում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ աշխատանքի արդյունքը: Գնահատումն իրականացվել է պարզելու համար ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների չափանիշներին:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունը ներառում է 14 մասնագետ և 28 երկարաժամկետ դիտորդ՝ տեղակայված ամբողջ Հայաստանով: Ընտրությունների օրը տեղակայվել են 439 դիտորդներ 41 երկրներից, այդ թվում 340 երկարաժամեկտ և կարճաժամկետ դիտորդներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից, 63 անդամ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունից, 24 անդամ ԵԽԽՎ պատվիրակությունից և 12 անդամ Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունից: Ընտրատեղամասերի բացումը դիտարկվել է 118 ընտրատեղամասերում (ընդհանուր ընտրատեղամասերի թիվը՝ 2009), քվեարկությունը դիտարկվել է 1470 ընտրատեղամասերում ողջ երկրի տարածքում: Հաշվարկը դիտարկվել է 140 ընտրատեղամասում, իսկ արդյունքների ամփոփման գործընթացը դիտարկվել է 38 ընտրատեղամասերում:
Համեմատության համար նշենք, որ, Հայաստանում անցկացված նախորդ խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունը ներառել է 17 մասնագետներ մայրաքաղաքում և 24 երկարաժամկետ դիտորդներ՝ տեղակայված ամբողջ Հայաստանով: Ընտրությունների օրը 349 կարճաժամկետ դիտորդներ են տեղակայվել, այդ թվում, 60 անդամ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունից, 25 անդամ ԵԽԽՎ պատվիրակությունից, 10 անդամ ԵԽ պատվիրակությունից: Ընդհանուր առմամբ դիտորդներ են եղել ԵԱՀԿ 42 անդամ երկրներից: Ընտրությունները դիտարկվել են ընդհանուր 1,982 ընտրական տեղամասերից ավելի քան 1000-ում: Ձայների հաշվարկումը դիտարկվել է բոլոր ընտրատարածքներից 102 ընտրական տեղամասերում: Արդյունքների ամփոփումը դիտարկվել է 41 ԸԸՀ-ներում:
Նշենք, որ առաջիկա ժամերի և օրերի ընթացքում «Արմեդիա» ՏՎԳ-ն կներկայացնի համադրական վերլուծություններ և համապատասխան աղյուսակներ՝ Հայաստանում անցկացված նախորդ համապետական ընտրությունների և ԱլԳ երկրների վերջին համապետական ընտրությունների հետ համեմատությամբ: