Ամփոփում ենք խորհրդարանական ընտրությունները: Արդեն հայտնի է՝ վեցերորդ գումարման Ազգային ժողով որ ուժերն են անցնում՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք և ՀՅԴ: Չորս քաղաքական ուժ, որոնք մինչ ընտրություններն իրենց նախընտրական ծրագրերով ներկայացրել են Հայաստանի համար կարևորագույն հարցերի շուրջ իրենց պատկերացումներն ու համապատասխան ուղղություններով արվելիք անհրաժեշտ քայլերը: Դիտարկենք ՀՀ-Սփյուռք հարաբերությունները՝ խորհրդարան անցած ուժերի մոտեցումների համատեքստում:
Ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայները հավաքած՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնական գաղափարը Սփյուռքի հայկական համայնքները միասնական հայրենիքի՝ Հայաստանի շուրջ հավաքելն է: Կուսակցության նախընտրական ծրագրում հստակ նշված է ՝ Հայաստանը դարձնել բիզնես վարելու համար նպաստավոր երկիր նաև Սփյուռքի մեր հայրենակիցների համար: Կուսակցությունում դրան հասնելու ճանապարհը դիտարկում են միասնական աշխատանքն այդ ուղղությամբ:
Ձայների մեծամասնությամբ երկրորդ տեղը զբաղեցնող «Ծառուկյան» դաշինքն առաջարկում է Սփյուռքի հետ հարաբերությունները զարգացնել Կառավարությունում հատուկ ծրագրերի հաստատումով, որոնք կառաջարկվեն Սփյուռքին ՀՀ դիվանագիտական կառույցների, Սփյուռքի ավանդական և այլ կազմակերպությունների կողմից:
Ինչ վերաբերում է ՀՅԴ մոտեցումներին, ապա կուսակցության պատկերացումների հիմքում Սփյուռքի ակտիվ ներգրավվածությունն է ներհայաստանյան գործընթացներին: Ընդ որում մասնակցության մակարդակը բարձրացնող գործոնը, կուսակցության մոտեցման համաձայն, երկրի վիճակի բարելավումն է, որն էլ կնպաստի հայրենադարձությանը:
Խորհրդարան անցած չորրոդ ուժը՝ «Ելք» դաշինքը, թերևս ամենանորարարականն է Սփյուռքի հետ համագործակցության հարցում: Դաշինքը վերոնշյալ ուժերի առաջարկներին ու պատկերացումներին, փաստացի, տալիս է ինստիտուցիոնալ լուծում՝ ի դեմս Խորհրդարանի երկրորդ պալատ ստեղծելու գաղափարի: Երկրորդ պալատն, ըստ կուսակցության արտաքին ծրագրի, պիտի կազմված լինի Սփյուռքի ներկայացուցիչներից, ովքեր պիտի ընտրվեն իրենց գաղթօջախներում:
Այսպիսով, հաշվի առնելով վերոթվարկյալ մոտեցումների հակիրճ նկարագրությունները, կարող ենք փաստել, որ նոր Խորհրդարանը կարևորելու է Սփյուռքի հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության արդյունավետության բարձրացման լրացուցիչ ուղիների որոնումը: Եվ այն, որ նոր ձևավորվելիք Խորհրդարանում հայտնվել են ուժեր, որոնք ունեն այս հարցում հստակ դիքորոշումներ ու լուծումներ, առաջիկա հինգ տարիներին Հայաստան-Սփյուռք գործակցության նոր մակարդակի բարձրացման ակնկալիք է ձևավորում: