Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեին մնացել են հաշված օրեր, երբ ժողովուրդը կարտահայտի նախագահական կառավարման ձևին անցնելու նկատմամբ իր վերաբերմունքը, ինչը ենթադրում է Էրդողանի միանձնյա իշխանության ընդլայնում և օրինականացում:
Արևմտյան լրատվամիջոցներն այս հանգամանքին բավականին քննադատաբար են անդրադառնում, սակայն պաշտոնական շրջանակները նախընտրում են խուսափել այս թեմայից: Այսպես, ԱՄՆ-ը բավականին զուսպ դիրքորոշում է որդեգրել Թուրքիայում ներքաղաքական շրջադարձային հնարավոր զարգացումների նկատմամբ՝ խուսափելով այս թեմային անդրադառնալ: Ամերիկյան իշխանությունների նման քաղաքականությունը պայմանավորված է հիմնականում երկու հանգամանքով: Նախ, Թրամփը դեռևս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդգծել էր, որ այլ երկրների ժողովրդավարացումն իր խնդիրը չի լինելու, ուստի Էրդողանի բռնապետության լեգիտիմացումն ամերիկյան ներկայիս վարչակազմին Թուրքիայի հետ հարաբերություններում ամենավերջինն է մտահոգում: Միևնույն ժամանակ Թրամփը փորձում է վերականգնել Օբամայի օրոք Թուրքիայի հետ վատացած հարաբերությունները և, ի տարբերություն իր նախորդի, թուրքական իշխանությունների ուղղությամբ կտրուկ հայտարարություններ իրեն թույլ չի տալիս: Թրամփը փորձում է սիրիական հակամարտությունում ակտիվացնել ամերիկյան դերակատարումը և, բնականաբար, դաշնակիցների կարիք ունի տարածաշրջանում: Ինչպես երևում է Սիրիայում ամերիկյան հրթիռակոծությանը էրդողանի հայտնած աջակցությունից, Անկարան բնավ դեմ չէ Սիրիայում համագործակցել նաև ԱՄՆ-ի հետ:
Նշենք, որ մեծ հաշվով վերոնշյալ գործոնները պայմանավորում են նաև Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայությունների մեջ չի մտնում ժողովրդավարական արժեքների տարածումը: Ռուսաստանը ևս փորձում է խուսափել Թուրքիայի հետ ավելորդ տարաձայնություններից սիրիական խնդրում համագործակցություն ապահովելու համար՝ հաշվի առնելով այսպես կոչված զինված ընդդիմության վրա Թուրքիայի ունեցած ազդեցությունը: Միևնույն ժամանակ Էրդողանի անձը Մոսկվային այդքան էլ չի անհանգստացնում: Հիշեցնենք, որ հենց Ռուսաստանն էր զգուշացրել Էրդողանին նրան «գահընկեց անելու» պլանների մասին:
Թուրքիայի սահմանադրական հանրաքվեն՝ ավելի շուտ Էրդողանի լիազորությունների ընդլայնումը, թերևս ամենաշատը մտահոգում է Եվրոպային՝ պայմանավորված ինչպես արժեհամակարգով, այնպես էլ աշխարհագրական հեռավորությամբ: Այս հարցում իր վերաբերմունքի մասին շտապեց բարձրաձայնել Գերմանիան՝ արգելելով իր տարածքում Էրդողանի կողմնակիցների հանրահավաքները: Գերմանիայի օրինակին հետևեցին եվրոպական մի շարք այլ երկրներ՝ Հոլանդիան, Ավստրիան, Բելգիան, Շվեյցարիան: Արդյունքում այժմ Եվրոպայի հետ Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված են, և Էրդողանի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ առաջիկայում այդպիսին էլ կմնան՝ անկախ հանրաքվեի արդյունքներից:
Ավելացնենք, որ սահմանադրական փոփոխությունների այս հանրաքվեն էրդողանի համար բավականին մեծ կարևորություն ունի: Չնայած փորձագետները վստահ են, որ փոփոխությունների նախագիծը հավանության է արժանանալու, սակայն սոցհարցումների արդյունքների վերլուծությունից երևում է, որ փոքր չէ հավանականությունը, որ թուրքերը կարող են և մերժել Էրդողանի լիազորոթյունների ընդլայնումը: Հաշվի առնելով Էրդողանի քաղաքական մեթոդները` հանրաքվեում անհրաժեշտ արդյունք չստանալու դեպքում, Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամը էլ ավելի կխորանա: