Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ապրիլի 12-ին իր պապի հետ ներկա է եղել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի ցուցադրությանը, որը կազմակերպվել է Լոս Անջելեսում, փոխանցում է Sputnik-Արմենիան:
«Պատիվ ունեմ #պահելխոստումը այստեղ` Լոս Անջելեսի պրեմիերային իմ հերոսներից մեկի` պապիս` 95-ամյա երիտասարդ Ջոն Օհանյանի հետ, որը կարմիր գորգի վրա ինձ հետ քայլեց «բոսսի» նման: Թող մեր ժողովուրդը շարունակի բարգավաճել ամբողջ աշխարհում: Նրանք ձախողեցին մեզ ոչնչացնելու գործը և երբեք չեն կարողանա մեզ լռեցնել: Հուսով եմ, որ այդ էպիկական ֆիլմն ավելի մեծ տեղեկացվածություն (ինչպես նաև ճանաչում) կբերի Հայոց ցեղասպանությանը: Շնորհակալ եմ մեր պատմությունը մեծ էկրան բերելու համար, Քըրք»,- գրել է Օհանյանը Facebook-յան իր էջում: