ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որը կոչված է պաշտպանելու աշխատանքի ազգային շուկան և խթանելու երկրում արտադրված ապրանքների գնումը։ Փաստաթուղթը կոչվում է «Գնի՛ր ամերիկյանը և վարձի՛ր ամերիկացիներին»։ Սպասվում է, որ դրա գործողությունը կհանգեցնի պետական գնումների ու առևտրային համաձայնագրերի անցկացման պայմանների փոփոխման, հայտնում է lenta.ru-ն։
Հրամանագիրը նաև նախատեսում է փոփոխություններ օտարերկրացի մասնագետների համար ԱՄՆ-ում աշխատելու նպատակով H-1B վիզաների տրամադրման կարգում: Նշվում է, որ ամերիկյան ընկերություններն ամերիկացիների փոխարեն աշխատանքի են վերցնում արտասահմանցի աշխատողների, որպեսզի ավելի քիչ գումար վճարեն նրանց։ Համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է փոխել այս հարցում միգրացիոն քաղաքականությունն այնպես, որ արտասահմանից միայն ԱՄՆ-ի համար հազվագյուտ մասնագետներ վարձվեն: