Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և Թուրքիայի հայ համայնքին, փոխանցում է panorama.am կայքը:
Ուղերձում ասվում է.
«Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերը այս տարի էլ են հարգանքով հիշատակվում: Նրանց թոռներին իմ ցավակցություններն եմ հայտնում: Որպես տարածաշրջանի երկու հին ժողովուրդ՝ թուրքերն ու հայերը հազար տարի այս աշխարհագրության մեջ ուս ուսի են ապրել, կիսել համատեղ պատմությունն ու մշակույթը: Թե Օսմանյան կայսրությունում, և թե Թուրքիայի հանրապետության մոտ հարյուրամյա անցյալում հայ ժողովուրդը իր շատ արժեքավոր զավակներով իր նպաստն է ունեցել մեր երկրի զարգացման գործում: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայերը որպես մեր երկրի ազատ ու հավասար քաղաքացիներ, երկրի սոցիալական, քաղաքական ու առևտրային կյանքում կարևոր դեր են ստանձնել»:
Ուղերձում նշվել է, որ Թուրքիայի հայ համայնքի անվտանգությունը, խաղաղությունն ու երջանկությունը հատուկ կարևորություն է ներկայացնում Թուրքիայի իշխանությունների համար. «Չենք կարող որևէ կերպ թույլ տալ անգամ մեկ հայ քաղաքացու օտարմանը, մեկուսացմանն ու իրեն երկրորդ դասի ներկայացուցիչ զգալուն»,- նշել է Թուրքիայի նախագահը: