Ապրիլի 24-26-ն աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին: Այցի շրջանակներում նրան ընդունեցին ՀՀ նախագահը, Կառավարության և արտաքին գերատեսչության ղեկավարները: Թերևս միայն սա բավարար է պատկերացում կազմելու այցի բավական համապարափակ բնույթի մասին: Մինչդեռ դրա մասին է վկայում նաև հնդկական կողմի հետաքրքրվածությունը ոլորտային համագործակցությամբ, ինչի մասին հնդկական պատվիրակության ղեկավարը բարձրաձայնում էր: Դրանց մեջ առյուծի բաժին է զբաղեցնում տնտեսական համագործակցության շրջանակների հստակեցումն, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարապետության, դեղագործության, մեքենաշինության, գյուղատնտեսության և այլ ոլորտներ: Թերևս այս ամենում շատ մեծ նշանակություն ունի Հնդկաստանի փոխնախագահի կողմից՝ վարչապետի հետ հանդիման ժամանակ հնդկական կապիտալը դեպի Հայաստան ուղղորդելու պատրաստակամության մասին հայտարարությունը: Ընդ որում, Հայաստանի՝ դեպի Հյուսիս, Արևելք և Արևմուտք ձեռք բերած ասոցացված հարաբերությունների նկատմամբ մեծ հետաքրքրության հատուկ շեշտադրությամբ:
Այցն ինքնին բավական հետաքրքրիր էր ոչ միայն հագեցած բովանդակությամբ, այլև քաղաքական առումով: Մասնավորապես, այն վերջին 12 տարիների ընթացքում Հնդկաստանից ամենաբարձր մակարդակով կատարված առաջին այցն էր, ինչը վկայում է հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը նոր զարկ տալու նպատակների մասին: Մյուս կողմից, այցը տարածաշրջանային չէր և սահմանափակվեց միայն Հայաստանով: Այսինքն՝ թիրախը, որպես տարածաշրջանում տնտեսական ակտիվության մեծացմանը նպաստող գործընկերոջ, դիտարկվում է հենց Հայաստանը:
Այն, որ այցի ընթացքում ձեռք բերված համաձայնություններն ընթացիկ տարվա մեջ «միս ու արդյուն» կտրվի, հասկանալի է՝ պայմանավորված Հնդկաստանի նախագահի կողմից Սերժ Սարգսյանին փոխանցված պատասխան այցի հրավերով:
Ի դեպ, պետք է նշել, որ այս այցելությունն էլ անպտուղ չմնաց. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հնդկաստանի երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջև ստորագրվեց երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի և Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրվեց 2017-2020 թվականների մշակութային համագործակցության վերաբերյալ գործնական ծրագիրը, ինչպես նաև, երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվեց բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: