Անհամաձայնություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և երկրի դատական համակարգի առանձին մարմինների միջև շարունակվում են: Այս անգամ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ցրել ԱՄՆ իններորդ շրջանային վերաքննիչ դատարանը: Պատճառն այն է, որ Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատարանը արգելափակել է Թրամփի վարչակարգի կարգադրությունը, համաձայն որի՝ այն համայնքները, որոնք կսահմանափակեն իրենց համագործակցությունն ԱՄՆ միգրացիոն իշխանությունների հետ կզրկվեն ֆինանսավորումից:
Նկատենք, որ Թրամփը խոսել է ԱՄՆ իններորդ շրջանային վերաքննիչ դատարանը ցրելու մասին, չնայած այն հանգամանքին, որ իր վարչակարգի որոշումը դեռևս արգելափակվել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատարանի կողմից միայն: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում գործում է դաշնային դատարանների աստիճանակարգ (շրջանային դատարան, շրջանային վերաքննիչ դատարան և գերագույն դատարան. յուրաքանչյուր դատարանի որոշում պարտադիր է իրենից ցածր աստիճանակարգում գտնվող դատարանի համար):
Ի՞նչով է պայմանավորված Թրամփի նման հայտարարությունը և հնարավո՞ր է արդյոք ԱՄՆ իններորդ շրջանային վերաքննիչ դատարանի լուծարումը:
Պետք է նկատել, ԱՄՆ իններորդ շրջանային վերաքննիչ դատարանը հայտնվեց Թրամփի թիրախում այն բանից հետո, երբ այն արգելափակեց միգրանտների մասին Թրամփի նախկին կարգադրությունը, որը սահամանափակում էր գերազանցապես մահմեդական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ: Դեռևս այդ ժամանակ հանրապետական օրենսդիրներն ԱՄՆ կոնգրեսում ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, համաձայն որի՝ նրանք ցանկանում են դուրս բերել ԱՄՆ հինգ նահանգներն ԱՄՆ իններորդ շրջանային վերաքննիչ դատարանի իրավասության տակից և ստեղծել իրենց առանձին շրջանային վերաքննիչ դատարանը:
Նրանք հիմնավորում են դա ԱՄՆ իններորդ շրջանային վերաքննիչ դատարանի չափից մեծ լինելով (վերջինիս իրավասության տակ գտնվող շրջաններում բնակվում է բնակչության 20 տոկոսը և ԱՄՆ տարածքի 40 տոկոսը): Բացի այդ վերաքննիչ շրջանային դատարանի 25 դատավորներից 18 նշանակված են դեմոկրատների կողմից և այն հայտնի է՝ որպես ԱՄՆ ամենալիբերալ դատարանը: Այն պահպանողակաների կողմից անգամ ստացել է ծաղրական «խելառ 9-րդ» անվանումը, քանի որ վերջիններիս պնդմամբ՝ այդ վերաքննիչ դատարանի որոշումների մեծ մասը մերժվել է ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից:
Նկատենք, որ ԱՄՆ գերագույն դատարանը միակ դատարանը է, որը ստեղծված է ԱՄՆ սահմանադրությամբ: Մյուս բոլոր դատարանները ստեղծվել են Կոնգրեսի ակտերով, և Կոնգրեսը կարող է լուծարել դրանք: Նման համակարգը պատահական չէ և ստեղծվել է ԱՄՆ նախահայրերի կողմից, որպեսզի օրենսդիր մարմինն ունենա վերահսկամ լծակներ դատական համակարգի նկատմամբ:
Ուստի, անդրադառնալով վերը շարադրված հարցին, պետք է փաստենք, որ ԱՄՆ նախագահը կարող է լուծարել ԱՄՆ իններորդ շրջանային վերաքննիչ դատարանը, այն դեպքում միայն, եթե նա ունենա ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը: