Այն տարածքը, որին Ադրբեջանին հաջողվեց տիրանալ, ռազմավարական նշանակություն չունի: Բայց ամեն մի սանիտիմետր հողը, ամեն մի զոհված ու վիրավորված զինվոր մեզ համար սարսափելի ու ծանր ցավ է: Այս մասին Mediamax-ին տված հարցազրույցում նշել է ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյան՝ պատասխանելով ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի ստացած օգուտներից:
«Հակառակորդի պլանը հետևյալն էրˋ հարձակման չորրորդ կամ հինգերորդ օրը կենտրոնական`Աղդամի ուղղությամբ ճեղքում անել ու հասնել Ստեփանակերտ: Ըստ իրենց հաշվարկի, ունեցած արսենալի ճիշտ օգտագործման դեպքում Ադրբեջանը կարող էր իրագործել այդ պլանը: Մենք էլ վստահ ենք, որ չի կարող. մեր դիրքերը, զորքի մարտունակությունը, հրետանին և հակաօդային պաշտպանությունն ու անհրաժեշտ այլ ուժեր բավարար են, որպեսզի կարողանանք պաշտպանություն կազմակերպել և, ինչու չէ, մարտի ընթացքում նաև հակահարձակման անցնել:
Այդ օրերին, լինելով առաջնագծում, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ շարունակության դեպքում մենք առաջ էինք գնալու: Դրանում համոզվեց նաև Ադրբեջանը և, վայնասուն բարձրացնելով, դիմեց մարտը կանգնացնելու խնդրանքով», - նշել է Բալասանյանը: