Ապրիլի 28-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որին ներկա էր նաև Ռուսաստանի արտգործնախարարը, նպատակ էր հետապնդում ճշտել ժամացույցներն ու ևս մեկ անգամ ամրագրել բանակցային գործընթացի առկայությունը: Ակնկալիքներն այս հանդիպումից իսկզբանե մեծ չէին: Ենթադրվում էր, որ արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվելու են մինչ այդ ձեռք բերված համաձայնությունները (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ) կամ ձեռք է բերվելու պայմանավորվածություն նախագահների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ, ինչի մասին, սակայն, հանդիպումից հետո խոսք անգամ չեղավ: Կողմերը միայն պատրաստակամություն հայտնեցին շարունակել շփումները հանդիպմանը քննարկված բոլոր հարցերի առնչությամբ:
Հատկանշական է, որ հանդիպման ժամանակ արտգործնախարարները կարևորեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը, որոնց ուղղությամբ, սակայն, որևէ առաջընթաց դեռևս չի գրանցվել: Իսկ պատճառն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն է և ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելը, ինչը խոչընդոտում է կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը և հետ է մղում քաղաքան բանակցությունները վերսկսելու հնարավորությունը:
Այս առումով առավել արդյունավետ և տրամաբանական կլիներ, եթե թե´ եռակողմ հանդիպման, թե´ համանախագահների հետ մտքերի փոխանակման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հետ կապված միջնորդներից կողմից ցուցաբերվեր առավել կոշտացած դիրքորոշում և մեծացվեր ճնշումը Բաքվի նկատմամբ:
Ամփոփելով պետք է նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նպատակ էր հետապնդում ցույց տալու, որ կա գործընթաց, որ այդ գործընթացում նախաձեռնողականությունը կրկին պատկանում է Ռուսաստանին և որ ընդհանուր առմամբ խաղաղ բանակցությունների միջոցով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը կրում են շարունակական բնույթ: