ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի շուրջ ծագած սկանդալի շուրջ և վերջինիս հրաժարականի հավանականության մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ:
- ԵԽԽՎ Բյուրոն Ագրամունտին արգելել է կառույցի անունից հայտարարություններ անել և այցեր կատարել: ԵԽԽՎ էլ ի՞նչ լծակներ ունի Ագրամունտին ստիպելու հրաժարական տալ:
- Լծակներից առաջինն այն է, որ Իսպանիայի խորհրդարանը հետ կանչի Ագրամունտի թեկնածությունը՝ այսինքն ինչպես նա ուղարկել է Ագրամունտի թեկնածությունը ԵԽԽՎ հաստատման, այնպես կկարողանա հետ կանչել:
Երկրորդ լծակն այն է, ինչ հիմա արվում է. ԵԽԽՎ քաղաքական բոլոր խմբերը փորձում են հանդես գալ տարբեր հայտարարություններով և ճնշում գործադրել, ինչպես նաև Բյուրոն տարբեր որոշումներ է կայացնում, որոնցից մեկով Ագրամունտին արգելվել է հանդես գալ ԵԽԽՎ անունից: Բյուրոն փորձելու է օգտագործել բոլոր լծակներն Ագրամունտին ստիպելու, որ հրաժարական տա:
ԵԽԽՎ-ն իր գործող կանոնակարգով ետկանչի կամ իմպիչմենտի ինստիտուտ չունի, այսինքն՝ ԵԽԽՎ նախագահին որևէ կերպ հնարավոր չէ պարտադրել, որ հրաժարական տա իր կամքին հակառակ: Այսինքն՝ ներկա պահին Ագրամունտը եթե հրաժարական տա, դա լինելու է ինքնակամ: Ճանաչելով Ագրամունտին՝ կարծում եմ, որ նա օգտագործելու է բոլոր այն հնարավորությունները, որոնք իրեն տալիս է գործող ընթացակարգը, դա չանելու համար:
Իհարկե, կանոնադրական հանձնաժողովը նախաձեռնել է կանոնակարգի փոփոխություններ՝ ավելացնելու իմպիչմենտի մասին կետ, սակայն հանդիսանալով կանոնադրական հանձնաժողովի անդամ, կարող եմ նշել, որ դա կարճատև գործընթաց չէ: Ներկա պահին հանձնաժողովը քվեարկել է միայն նման զեկույց ունենալու օգտին, բայց զեկույցի պատրաստումը ևս ժամանակ կպահանջի: Այսինքն՝ եթե ինչ-ինչ ուժերի ճնշման ներքո Ագրամունտը չգրի հրաժարականի դիմումը, իր կամքին հակառակ նրան հեռացնելը ավելի երկար կտևի:
Հավանականությունը, որ Ագրամունտը հրաժարական չի տա, մեծ է, քանի որ այդ մարդը զուրկ է բարոյական արժեքներից: Նա, փաստորեն, ենթարկվելով ԵԽԽՎ պատգամավորների մեծ մասի ճնշմանը, ամոթանքին, բոյկոտին, չունեցավ քաղաքական կամք ինքնակամ լքելու պաշտոնը: Ասեմ ավելին՝ հայտարարել էր, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի վերջին օրվա Բյուրոյի նիստին կներկայանա և կհայտարարի իր որոշման (որոշման, ոչ թե հրաժարականի) մասին, բայց չներկայացավ:
- Ագրամունտի շուրջ այս սկանդալում ի՞նչ դերակատարում ունեցավ Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» ակտիվ մասնակից լինելու հանգամանքը:
- Ագրամունտի վարկաբեկումը սկսվեց ադրբեջանական լոբիստ լինեուց և այստեղ մեծ է նաև մեր կառույցների՝ պատվիրակության, դիվանագետների, սփյուռքի կառույցների դերը: Ագրամունտը ներկայացվեց որպես հեշտ կաշառվող անձնավորություն, և այս հանգամանքը, բնականաբար, նրա իմիջի վրա մեծ ազդեցություն ունեցավ: Եկեք հիշենք այն մի քանի զեկույցները, որոնք հրապարակվեցին եվրոպական կայունության ինստիտուտի կողմից: Բնականաբար, դա շատ մեծ հարված է նրա հեղինակությանը:
Հիմա, երբ Ագրամունտը ինքնակամ որոշումներով և ինքնագլուխ պահվածքով անցավ չափերը, այս լույսի ներքո հիշվեցին նաև նրա նախկին քայլերը:
Այդ համատեքստում շատ հետաքրքիր է Ադրբեջանի պատվիրակության պահվածքն այս սկանդալային պատմության մեջ. փորձելով պահպանել չեզոք դիրք, այնուամենայնիվ, նրանք պատեհ առիթները փորձում են օգտագործել մեղմելու Ագրամունտի հասցեին հնչեցվող բացասական հայտարարությունները: Բյուրոյում քվեարկության ժամանակ Ագրամունտին լիազորություններից զրկելուն դեմ քվեարկած երեք անդամներից երկուսն Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչներ էին: