ԱլԳ երկրներից Բելառուսը և Ադրբեջանը կզրկվեն USAID-ի ֆինանսական աջակցությունից

22:50     4 մայիսի, 2017

ԱՄՆ Կոնգրեսի  ներկայացուցիչների պալատն ապրիլի 3-ին հաստատել է 1.1 միլիարդ դոլար ԱՄՆ  բյուջեի նախագիծը, որը կգործի մինչև  սեպտեմբեր ամիսը՝ ֆինանսական տարվա ավարտը: Բյուջեի նախագիծը պետք է մինչև ուրբաթ օրը հաստատվի նաև ԱՄՆ սենատի և նախագահի կողմից, որպեսզի ԱՄՆ դաշնային իշխանությունը կարողանա բնականոն կերպով շարունակել իր գործունեությունը:

Foreign Policy լրատվականի կողմից ներկայացված բյուջետային նախագծի զեկույցում նշվում է, որ զարգացող երկրներին ԱՄՆ կողմից տրամադրվող օգնությունը կրճատվել է մեկ երրորդով: Համաձայն նույն  զեկույցի՝ ԱՄՆ կառավարության կողմից  տրամադրվող USAID (ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալություն) օգնություն այլևս չեն ստանալու Ղազախստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը և Բելառուսը: USAID  շրջանակներում Հայաստանին տրվող օգնությունը կրճատվելու  է 77 տոկոսով, Վրաստանինը՝ 41 տոկոսով, Մոլդովայինը՝ գրեթե 50 տոկոսով, իսկ Ուկրաինայինը՝ 69 տոկոսով:

Նշենք, որ USAID ԱՄՆ պետական գործակալություն է, որը տրամադրում է աջակցություն աշխարհում նվազեցնելու աղքատությունը, հնարավորություն տալու ժողովրդավար հասարակություններին իրացնելու իրենց ներուժը: Այն հիմնվել է 1961 թվականին ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու հովանու ներքո:

Մինչ բյուջետային նախագծում  իրականացված նման փոփոխությունը մեկնաբանելը, հետաքրքրական է նկատել, որ ԱլԳ երկրներից միայն Ադրբեջանը և Բելառուսն են ամբողջությամբ զրկվել USAID ֆինանսավորումից, մինչդեռ մյուս երեք ԱլԳ երկրները՝ Մոլդովան, Ուկրաինան, Հայաստանը, թեպետ կրճատումներով, բայց  շարունակելու են ստանալ օգնություն:  Նման տարանջատումը չի կարող պատահական լինել և խոսում է մինչ այդ երկրներում տեղի ունեցած առաջընթացի տարբեր մակարդակների մասին:

Կարող ենք փաստել, որ վերոնշյալ պատկերը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ Թրամփի վարչակարգն այլևս չի աջակցելու մինչ այս ԱՄՆ կողմից տարվող արտաքին քաղաքականությանը, որը ենթադրում էր առավել սերտ համագործակցություն այլ երկրներում գործող ընդդիմադիր ուժերի և քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

Փոխարենը, Թրամփն այլ երկրների հետ տարվող ԱՄՆ երկկողմ հարաբերությունները բերելու է պայմանավորվածությունների դաշտ, որը առավելապես գործելու է երկրի իշխանությունների հետ՝ «ինչն ինչի դիմաց սկզբունքով»: Նման քաղաքականությունն արդեն իսկ վառ դրսևորվում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ դաշնակիցների հետ հարբերություններում, որտեղ Թրամփը պահանջում է իր դաշնակիցներից վճարել իրենց անվտանգության համար:


© armedia.am