ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հարցը մի շարք խնդիրներ է առաջացնում առաջին հերթին հենց ԵԱՀԿ-ի համար և արդիական է դարձնում դրա ներքո գործող մեխանիզմների վերանայման, առանձին երկրների համար «ամենաթողություն» թույլ չտալու անհրաժեշտությունը:
Փաստացի, բախվեցինք մի իրավիճակի, երբ Ադրբեջանը, ձգտելով ընդլայնել արտաքին աշխարհից Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը, արդեն ոչ միայն իր գործընկեր Թուրքիայի հետ փակ է պահում ՀՀ արտաքին սահմաններից երկուսը, այլև փորձում է խոչընդոտել միջազգային հանրության հետ Հայաստանի քաղաքական համագործակցությանը: ԵԱՀԿ գրասենյակի կարևորությունը Երևանում առաջին հերթին համապատասխան ֆինանսավորման տրամադրումն է և դրա միջոցով ժողովրդավարացման, բարեփոխումների, հասարակության առանձին շերտերի հնարավորությունների զարգացման ծրագրերի իրականցումն է: Հասնելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակամանը՝ Բաքուն փարձում է ոչ միայն Հայաստանին զրկել այդ աջակցությունից, այլև քաղաքական ճնշում գործադրել Երևանի վրա:
Այլ հարց է, որ նույնիսկ ֆորմալ առումով հաջողության հասնելով, դե-ֆակտո Ադրբեջանին դա կհաջողվի: Այսօր իսկ ԵԱՀԿ ղեկավարությունը, գործող նախագահությունը քննարկում է Հարավային Կովկասում անվտանգության բոլոր ուղղություններով համագործակցությունը պահպանելու և ներգրավվածության այլընտրանքային տարբերակներ գտնելու հարցը: Սա նշանակում է, որ ԵԱՀԿ-ն միևնույն է կշարունակի Հայաստանի հետ սերտ համագործակցությունը, հատկապես որ պաշտոնական Երևանն իր կողմից ամեն ինչ անում է այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է քաղաքական մեկուսացմանը, դա ևս արդյունք չի տա, քանի որ այսօր ԵԱՀԿ շահագրգռվածությունը գտնել այլընտրանքային ուղիներ ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն կարևորում է Հայաստանի հետ քաղաքական համագործակցությունը:
Այնուամենայնիվ, այս միջադեպը բոլորին ցույց տվեց, որ Ադրբեջանի նման երկիրը, որը ոչ միայն անվտանգության սպառնալիքներ է ստեղծում, այլև խոչընդոտում է ԵԱՀԿ (Եվրոպական անվտանգության և համագործակցության կազմակերպության) տարածաշրջանում համագործակցությանը՝ այդ թվում փակելով ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը, իր քայքայիչ ազդեցությունն է ունենում նաև կառույցի բնականոն գործունեության վրա: Սա նաև արդյունքն է նրա, որ Բաքվի ռազմատենչ, ագրսիվ և ապակառուցողական քաղաքականությունը համապատասխան արձագանք չի ստանում միջազգային հանրության կողմից՝ Ադրբեջանի համար ստեղծելով անպատժելիության մթնոլորտ:
Հետևաբար, ԵԱՀԿ-ն պետք է կարողանա ձևավորել մեխանիզմներ, որոնք կպաշտպանեն իրեն և իր անդամներին առանձին երկրների ապակառուցողական և շահադիտական նկրտումներից: Բացի այդ, ԵԱՀԿ-ի արձագանքն Ադրբեջանի այս քաղաքականությանը պետք է լինի համապատասխան: Հակառակ պարագայում, կառույցի, որպես տարածաշրջանում անվտանգության և համագործակցության կառուցման դերակատարի, նշանակությունը հարցականի տակ կդրվի: