Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հնգյակին լույս աշխարհ բերած ընտանիքին 4-սենյականոց բնակարան կնվիրի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 3-ին հնգյակին լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կընծայի 4-սենյականոց բնակարան, Tert.am-ի հետ զրույցում նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը:
«Հայոց Եկեղեցին միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում բազմազավակ ընտանիքների խնդիրները՝ ջանալով հոգևոր խնամքից բացի կարելվույն չափ նաև նյութապես սատարել նրանց։ Տեղեկանալով մեր ժողովրդին հինգ զավակներ պարգևած ընտանիքի բնակության պայմանների մասին՝ Հայոց Հայրապետի կողմից որոշում է կայացվել աջակցություն ցուցաբերել նրան և նպաստել փոքրիկների խաղաղ ու անվրդով մանկությանը»,- ասաց նա:
Կարապետյանների ընտանիքն ապրում է վարձած բնակարանում, իսկ նախկինում ապրել է հանրակացարանում։
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Էրեբունի բժշկական կենտրոնում առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ է եկել հնգյակ՝ 4 աղջիկ, 1 տղա։