Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Մայիսյան Եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին, հայտնում է Artsakh Press -ը:
«Զորամասերում մեր պլանի համաձայն արդեն կատարվում են համապատասխան աշխատանքներ: Կազմակերպվում են հանդիպումներ, արիության դասեր, մեծարման երեկոներ, արշավներ, զինծառայողների այցելություններ եկեղեցիներ: Վաղը՝ մայիսի 6-ին հանդիպումներ ենք ունենալու կրթօջախներում, որին իրենց մասնակցությունն են բերելու մեր սպաները: Շարադրությունների մրցույթներ են հայտարարվել, վաղը կլինի դրանց ամփոփումը և մրցանակային տեղեր գրավածները կխրախուսվեն:
Մայիսի 8-ին ԱՀ Նախագահի հրամանի համաձայն պարգևատրվելու են զինծառայողներ, ովքեր առանձնակի խիզախություն են ցուցաբերել ապրիլյան գործողությունների ժամանակ և ընդհանրապես զինվորական ծառայության ընթացքում ու արցախյան գոյապայքարի մի խումբ մասնակիցներ»,- ասել է պաշտպանության նախարարը:
Մայիսի 9-ին առավոտյան Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում տեղի է ունենալու ծաղկեպսակադրություն. հարգանքի տուրք է մատուցվելու ինչպես հայրենական մեծ պատերազմում, այնպես էլ արցախյան գոյամարտի ընթացքում բոլոր զոհերի հիշատակին:
Նույն օրը ՊԲ զինվորները հանդիսավոր տողանով կանցնեն մայրաքաղաքի և շրջկենտրոնների փողոցներով, իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում տեղի կունենա զենքի ցուցադրություն: