«Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցը Եվրասիական Զարգացման Բանկի (ԵԶԲ) գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկի հետ:
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղվածությունների և մակրոէկոնոմիկայի նախարար Տատյանա Վալովայան կարծիք է հայտնել, որ միասնական արժույթի ներմուծումը ԵԱՏՄ–ի համար աղետով կավարտվի. ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այս գնահատականը:
- Դա ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ներդրման պայմաններ դեռևս չկան: Միասնական արժույթի ներդրումն առանց օբյեկտիվ տնտեսական պայմանների հղի է մասնատման վտանգով միասնական արժութային ոլորտում և այլ բացասական հետևանքներով տնտեսական ինտեգրման համար: Ներկայումս, ԵԱՏՄ երկրների միասնական արժույթի հարցը դեռ օրակարգում չէ, և նախքան իրավիճակն այս ոլորտում կփոխվի հօգուտ արժույթի ինտեգրմանը, պահանջվում է ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական քաղաքականության բավականաչափ տևական կոորդիանցիա, ինչպես նաև մակրոտնտեսական անհավասարության կրճատում, այդ թվում գնաճի, բյուջեի դեֆիցիտի և պետական պարտքի մակարդակի:
- Ի՞նչ եք կարծում, միասնական արժույթի բացակայությունը չի սահմանափակում արդյոք այնպիսի տնտեսական ինտեգրացիոն կառույցի զարգացման հեռանկարները, ինչպիսին ԵԱՏՄ-ն է:
- Ես կարծում եմ, որ այս պահին միասնական արժույթի ներդրումը կարող է տեղիք տալ ավելի մեծ ռիսկերի աճի: Որպեսզի միասնական արժույթի ներդրումը մեր երկրներում դառնա տնտեսական աճի գործոն, պետք է երկար նախապատրաստական փուլ, տնտեսական ինտեգրման երկարամյա պտուղների ամրապնդում և, իհարկե, մակրոտնտեսական քաղաքականության համակարգում: ԵՄ-ի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ ինտեգրման երկարատև նախապատրաստման և միասնական արժույթի կյանքի սկզբնական փուլում բավականին հաջող փորձի դեպքում, հետագայում միևնույն է դժվարություններ ու մարտահրավերներ ի հայտ եկան՝ ինտեգրացիոն գործընթացների ոչ բավարար հավասարակշռության և անցկացվող մակրոտնտեսական քաղաքականության հետ կապված: Այս ամենը վկայում է, որ ներկա պահին մեր երկրները պետք է կենտրոնանան տնտեսական անհավասարակշռությունը նվազեցնելու, ինչպես նաև տնտեսական քաղաքականության համակարգումը բարելավելու շուրջ՝ այդ թվում ընթացիկ հակաճգնաժամային միջոցառումների անցկացման առումով: