«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական գործիչ և Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Ջեֆրի Դոնալդսոնի հետ՝ վերջերս տեղի ունեցած ԵՄ գագաթաժողովի և Brexit-ից հետո Հյուսիսային Իռլանդիայի ապագայի վերաբերյալ:
- Պարոն Դոնալդսոն, կա՞ արդյոք որևէ կոնսենսուս ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև՝ ամրագրելու Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության վերամիավորման, ինչպես նաև միացյալ Իռլանդիան ԵՄ-ի անդամ պետություն դարձնելու հնարավորությունը:
- Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Բրիտանական կառավարության, Իռլանդիայի կառավարության և Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական կուսակցությունների միջև արդեն իսկ համաձայնեցված է, որ ընտրությունը, թե արդյոք Հյուսիսային Իռլանդիան պետք է մնա Միացյալ Թագավորության կազմում, թե միավորվի Իռլանդիայի հետ, բացառապես պատկանում է Հյուսիսային Իռլանդիայի ժողովրդին: Դա կարող է վճռվել միմիայն հանրաքվեի միջոցով, և միայն Հյուսիսային Իռլանդիայի ժողովուրդը պետք է իր վերջնական խոսքն ասի, թե արդյոք ուզում է, որ Իռլանդիաները միավորվեն, թե՝ ոչ: Այս պահին ես չեմ կարծում, որ մարդկանց մեծամասնությունը կքվեարկի հօգուտ միասնական Իռլանդիայի:
- Արդյո՞ք հնարավոր համարում եք հանրաքվեի անցկացումը Հյուսիսային Իռլանդիայում: Այդ դեպքում դուք հակամարտության վերսկսման ռիսկեր չե՞ք տեսնում:
- Ես չեմ կարծում, որ հանրաքվեն տեղի կունենա մոտ ապագայում, բայց եթե այն այնուամենայնիվ անցկացվի, ապա կարծում եմ, որ արդյունքը կլինի Հյուսիսային Իռլանդիայի մնալը Միացյալ Թագավորության կազմում: Հուսով եմ, որ դա չի հանգեցնի հակամարտության վերսկսման և պատճառ էլ չեմ տեսնում, թե ինչու այն պետք է վերսկսվի:
Իսկ ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, ապա ԵՄ-ն հասկացրել է Գերմանիայի օրինակով, որ երբ Արևելյան Գերմանիան վերամիավորվեց Արևմտյան Գերմանիայի հետ, վերջինս ինքնաբերաբար դարձավ Եվրոպական Միության մի մասը: Նույնն Իռլանդիայի պարագայում է: Եթե Հյուսիսային Իռլանդիան հեռանա Միացյալ Թագավորությունից և դառնա Միացյալ Իռլանդիայի մի մասը, ապա ավտոմատ կերպով մուտք կգործի Եվրոպական Միություն:
- Կարո՞ղ է արդյոք ԵՄ-ն օգտագործել Իռլանդիայի վերամիավորման հարցը որպես գործիք՝ստիպելու Մեծ Բրիտանիային հրաժարվել Brexit-ի գաղափարից:
- Ո՛չ, ես չեմ կարծում, որ դա հնարավոր է երկու պատճառներով: Առաջին հերթին, կարծում եմ, որ քանզի Միացյալ Թագավորության ժողովուրդը կողմ է քվեարկել Brexit-ին և արդեն իսկ գործի է դրվել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, Մեծ Բրիտանիայի կառավարությունն այժմ արդեն հետ չի կանգնի իր սկսած գործընթացից:
Երկրորդ, քանի որ միայն Հյուսիսային Իռլանդիայի ժողովուրդը կարող է որոշել հանրաքվեի միջոցով, արդյոք ցանկանում է լինել միասնական Իռլանդիայի մի մասը, թե՝ ոչ, ԵՄ-ն չի կարող դա որպես գործիք օգտագործել բրիտանական կառավարությանը սպառնալու համա: Ի վերջո, ԵՄ-ն չի վերահսկում Հյուսիսային Իռլանդիայի ժողովրդին և նրակարծիքը:
Հետևաբար, ես չեմ կարծում, որ ԵՄ-ն կկարողանա օգտագործել դա որպես լծակ՝փորձելով համոզել բրիտանական կառավարությանը հետ կանգնել Brexit-ից: